Home / Հայաստան / «Վարչապետը ղզիկի պես փախել է…». Հարություն Առաքելյանը մեղադրանքներ է հնչեցնում

«Վարչապետը ղզիկի պես փախել է…». Հարություն Առաքելյանը մեղադրանքներ է հնչեցնում

Առաջին անգամ անկախ Հայաստանի 20 տարվա պատմության մեջ նման բան է տեղի ունենում, երբ կառավարությունը լուր է տարածում, որ իրեն ֆաքսի միջոցով սպառնալիքներ են հղում և շանտաժ են անում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության` ուրբաթ օրը տարածած հաղորդագրությանը, որում նշվում էր, որ Առաքելյանը շանտաժի է դիմում:

«Վարչապետը կառավարության լրատվականի միջոցով այդ լուրը տարածում է, և ղզիկի պես փախչում է Վրաստան, իբրև թե ստեղ չի: Ես սպասեցի մինչև երկուշաբթի, մինչ նա վերադառնա… Այո´, էդ ֆաքսերը ես եմ ուղարկել, բայց այն, ինչ ես ասել եմ, ամբողջությամբ չի ներկայացվել, վախեցել են և կիսատ են ներկայացրել: Ես չեմ սպառնացել, ոչ էլ շանտաժ եմ արել: Ի՞նչ ա նշանակում շանտաժ անել, ես օրենք եմ պահանջում, էդ նշանակում ա շանտաժ ե՞մ անում», – հայտարարել է Առաքելյանը:

Նա ներկայացրել է իր կողմից կառավարություն ուղարկված այն հայտարարությունը, որը, ՀՌԱԿ ատենապետի խոսքով, չի ներկայացվել հանրությանը: Հայտարարությունը կրում է «Պետական միջոցների խոշոր չափերի` 31 մլն ԱՄՆ դոլարի հափշտակության ուսումնասիրության վերաբերյալ» անունը:

«2006 թվականին, երբ Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահ էր, «Նաիրիտ» գործարանի պետական սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի իրականացրած առք ու վաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության 20 հազար ֆունտ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությանը, որի սեփականատերերը մինչ օրս անհայտ են հանրությանը», – ասված է Առաքելյանի հաղորդագրությունում, որի համաձայն Տիգրան Սարգսյանը և ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մասնակցել են գործարքին, որի հետևանքով 31 միլիոն ԱՄՆ դոլարի ճակատագիրն անհայտ է մնացել:

Նրա խոսքով` շանտաժը և սպառնալիքներն իրականացրել է կառավարությունը` իր և ՀՌԱԿ-ի հանդեպ:

«Իրենք երկու ճակատով էին դուրս եկել իր դեմ, մի ճակատը ոստիկանություն և դատախազությունը, մյուս ճակատը` արդարադատության նախարարություն», – ասել է Առաքելյանը` պարզաբանելով, որ Արդարադատության նախարարությունը հրաժարվել է գրանցել օգոստոսին անցկացված ՀՌԱԿ-ի 19-րդ համագումարի արդյունքները և վավերացնել ընտրված ատենապետին` Առաքելյանին: Հոկտեմբերին ՀՌԱԿ-ը ևս մեկ անգամ է անցկացրել 19-րդ համագումարը, սակայն դրա արդյունքները նույնպես չեն վավերացվել:

Առաքելյանը նշել է, որ կուսակցության խորհրդի անդամներին ոստիկանություն են հրավիրեն, իսկ իրեն զրույցի է կանչել Կենտրոնի դատախազ Խաչիկյանը «Ազգ » օրաթերթում հրապարակված «Ո՞րն է ՀՌԱԿ-ի պրոբլեմը…» հոդվածից հետո, որտեղ նշվում էր, որ «Հարություն Առաքելյանը, ով կուսակցության իշխանությանը բռնատիրանալուն պես, անցած 8 տարիների ընթացքում լծված է եղել քայլ առ քայլ և քար առ քար կուսակցական կառույցները քանդելու գործին, միշտ և ամենուր առաջնորդվել է իր բնատուր և արտակարգ ընչաքաղցությամբ, որը նրան մղել է ֆինանսական արկածախնդրությունների` հօգուտ սեփական գրպանի յուրացնելով իր նախորդների բազում զոհողություններով ձեռք բերած կուսակցական անշարժ գույքն ու տարածքները»:

Առաքելյանը հայտարարել է, որ հոդվածում նշվածը չի համապատասխանում իրականությանը` նշելով, որ հոդվածը տպագրվել է «Հակոբիկ Ավետիքյանի կողմից, որին Սփյուռքում վաշխառու են անվանում» (Հակոբ Ավետիքյանը «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է – Epress.am):

Նշենք, որ ՀՌԱԿ-ի ատենապետի պաշտոնի համար պայքարը 2011թ. ընթանում է Առաքելյանի և Էդվարդ Անտինյանի միջև: Հունվարի 20-ին Առաքելյանը հրաժարվել էր ատենապետությունից` այն զիջելով Անտինյանին, իսկ օգոստոսի համագումարի ժամանակ Առաքելյանը կրկին ընտրվել է ատենապետ, իսկ Անտինյան հեռացվել կուսակցությունից: Վերջինս ՀՌԱԿ-ի համագումարը ապօրինի էր անվանել` ասելով, որ Առաքելյանը ինքնահռչակ ատենապետ է:

Ասուլիսից անմիջապես հետո Առաքելյանն ուղևորվել է ոստիկանություն` հարցաքննության:

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի Facebook-ի էջից