Home / Հայաստան / Վարչապետը մեկ օր անց հրապարակել է իրեն ուղղված սպառնալիքները. տեքստ

Վարչապետը մեկ օր անց հրապարակել է իրեն ուղղված սպառնալիքները. տեքստ

ՀՀ Արդարատադության նախարարությունը ֆաքսով գրություն է ստացել, որում փորձ է արվում սպառնալ և շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին և Արդարադատության նախարարին: Այս մասին ասված է ՀՀ կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Վերջինիս հեղինակները նշում են, որ, ըստ ամենայնի, ֆաքսն ուղարկել է «քաղաքացի Հարություն Առաքելյանը` ակնհայտ սուտ տեղեկություններով»:

«Մեկնաբանությունները համարում ենք ավելորդ, առաջարկում ենք կարդալ հայտարարության տեքստը՝ ամբողջական կարծիք կազմելու նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ կառավարության կայքում ներկայացված «ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյան» մակագրությամբ նամակի տեքստն ուղղված է ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

Ֆաքսի թղթի վերևում նշված է «17 NOV 2011 10:13 FROM HRAK», ինչից կարելի է ենթադրել, որ նամակն այդ օրն է ուղարկվել:  Կառավարության կայքում այն հրապարակվել է նոյեմբերի 18-ի երեկոյան:

Տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Երեկ ինձ հետ խորհրդավոր զրույց ունեցավ Կենտրոնի դատախազ Խաչիկյանը: Ասեմ, որ շատ վատ կազմակերպված «միջոցառում» էր… Հավանաբար չեք պատկերացնում, թե ում հետ գործ ունեք և ես ինչերի եմ պատրաստ` եթե 2 օրվա ընթացքում, օրենքի տառին համապատասխան Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցի միջոցով օրինական ուժ չստանա ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի երկրորդ նիստի որոշումները:

Իմ առաջարկը մնում է ուժի մեջ. կամ վավերացնում եք իմ ՀՌԱԿ ատենապետիս օրինական լիազորությունները, մոռանում ենք իրար և ամենքս անցնում է իր գործին… կամ ես ստիպված անցնում եմ իմ խոստումս ի կատար ածելուն… Կտեսնենք, թե ով ավելի շատ բան ունի կորցնելու…

ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏ`

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ.Գ. Գաղտնապահական ասեմ, որ ձեռքիս տակ են ևս մի քանի աղմկահարույց հայտարարություններ… օրինակ 35 մլն դոլարի մասին, որը «դուրս» եկավ «Նաիրիտի» հաշվից և մի մասը «ուղևորվեց» Դանիա, իսկ մի մասն էլ Մոսկվա: Սա այն պարագայում, երբ «Նաիրիտը» պարապուրդի էր մատնված և կարճ ժամանակ հետո գործարանը պայթեց` տալով զոհեր, իսկ պատճառը նշվեց, որ 150.000 դոլար միջոցներ չկար վերակառուցման համար: Չմոռանամ ասել նաեւ, որ բարի լեզուները ասում են, որ այդ չարաբաստիկ 35 մլն դոլարը վերցված էր փոքր և միջին բիզնեսի զարգացման համար նախատեսված գերմանական վարկից…

Նաև ուզում եմ նշել, որ Ձեր պաշտպանյալ հանցագործ էդվարդ անտինյանը ժամանակին մեզ բազմաթիվ տեղեկատվություն է տվել վարչապետի եղբայրների, նրանց զբաղեցրած պաշտոնների և նրանց գործունեության մասին, սա կպահեմ որպես «դեսերտ»…

Հայտարարությունները պատրաստ են մեկնարկի և կտարածվեն իմ խոստացված հասցեներով ցանկացած պայմաններում… Այս նամակին կից տրամադրում եմ առաջին հայտարարության նախագիծը, որ պատրաստ լինեք հետագա զարգացումներին: Իսկ վերջում ցանկանում եմ ամբողջությամբ անկեղծանալ.

Աստված եմ կանչում, որ մոտ օրերս չվավերացնեք իմ ատենապետությունը…»:

Նամակում նշված  հայտարարության տեքստը կարող եք կարդալ հետևյալ հղումով: