Home / Հայաստան / Պատասխան մտահոգություններին. Orange-ը չի ցանկանում գրաքննող մարմին լինել

Պատասխան մտահոգություններին. Orange-ը չի ցանկանում գրաքննող մարմին լինել

Երեկ մի խումբ անհատներ և հասարակական կազմակերպություններ նամակ էին գրել «Orange Արմենիա» ընկերությանը, որում խնդրում էին Orange-ի կողմից կազմակերպված գրքի մրցույթից հանել ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչներին վիրավորող պատմվածքը:

Այսօր Epress.am-ը մեկնաբանություն է խնդրել ընկերությունից և ստացել հետևյալ պատասխանը.

«Ցանկանում ենք հաստատել, որ Orange Արմենիան, լինելով պատասխանատու ընկերություն և կրելով Orange-ի ու Ֆրանս Տելեկոմի արժեքները, չունի տարբերակված վերաբերմունք մարդանց որևէ խմբի նկատմամբ` լինի կրոնական, սեռային, ռասայական, սեռական կողմնորոշման կամ ազգային բնույթի: Մեր ընկերությունն այս սկզբունքներով է առաջնորդվում աշխատակիցների հավաքագրման, բաժանորդների սպասարկման ու աջակցման և առհասարակ իր բոլոր շահառուների հետ հարաբերություններում: Այս արժեքներով են առաջնորդվում նաև մեր ընկերության աշխատակիցները Հայաստանում, ինչպես ամենուր:

Orange Գրքի մրցույթի նպատակն է ոչ թե զբաղվել այս կամ այն հարցի քարոզչությամբ, այլ խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, որը, վստահ ենք, անկասկած կարևոր խնդիր է ժամանակակից հայ հասարակության համար, մանավանդ նկատի ունենալով, որ հաջորդ տարի Երևանը դառնալու է Գրքի Համաշխարհային մայրաքաղաքը: Ստեղծելով հարթակ ստեղծագործողների համար` Orange-ը միշտ չէ, որ կիսում է ստեղծագործությունների գրական հերոսների կամ հեղինակների արտահայտած մտքերը: Ստանալով Orange Գրքի մրցանակ 2011-ի երկրորդ փուլ անցած «Մահապատժից ժամեր առաջ» պատմվածքի վերաբերյալ մի շարք կազմակերպությունների և անհատների դիտարկումներն ու անհանգստությունները` այսօր մենք հանդիպեցինք բաց նամակի հեղինակներից մի քանիսի հետ: Հասկանալով վերջիններիս մտահոգությունները, ինչպես նաև խնդրի բարձրաձայնման անհրաժեշտությունը` Orange-ը կարծում է, որ թերևս խնդրո առարկայի շուրջ հանրային քննարկումների անցկացումը շատ ավելի օգտակար կլինի բոլորի համար, քան եթե ընկերությունը փորձի գործել որպես գրաքննող մարմին և դադարեցնի ստեղծագործության հետագա մասնակցությունը մրցույթին:

Ինչպես արդեն հայտարարվել էր, մինչև հանրային քվեարկության ավարտը կազմակերպվելու են կլոր սեղաններ և քննարկումներ, որոնց կմասնակցեն ժյուրիի անդամները, հեղինակները և  բոլոր ցանկացողները: Առաջին կլոր սեղանը, հաշվի առնելով վերջին զարգացումները, ի թիվս այլ գործերի` նվիրված կլինի նաև «Մահապատժից ժամեր առաջ» պատմվածքին: Կլոր սեղանի ժամանակ տեղի կունենան ոչ միայն ներկայացված ստեղծագործությունների գրականագիտական վերլուծություններ, այլ նաև ստեղծագործությունների շուրջ մասնակիցների կողմից բարձրացված այլ հարցեր: Կլոր սեղանի անցկացման վայրն ու օրը կհայտարարվեն լրացուցիչ:

Մինչ այդ, արդեն վաղվանից, Orange Գրքի մրցանակի պաշտոնական էջում Orange-ը կտեղադրի ծանուցում գործի վերաբերյալ իր դիրքորոշման և ստեղծագործության հերոսի մտքերը չկիսելու վերաբերյալ: Եթե «Մահապատժից ժամեր առաջ» պատմվածքը քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվի և ենթակա լինի հրատարակման, ապա Orange-ն անշուշտ հաշվի կառնի մարդու/ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությունների մտահոգությունները և գրքում կներառի բացատրական տեքստ ընկերության դիրքորոշման վերաբերյալ կամ խորհուրդ կտա հեղինակին վերանայել ստեղծագործության որոշ հատվածներ»: