Home / Հայաստան / Հայաստանյան Orange-ին խնդրում են մրցույթից հանել ԼԳԲՏ համայնքին վիրավորող պատմվածքը

Հայաստանյան Orange-ին խնդրում են մրցույթից հանել ԼԳԲՏ համայնքին վիրավորող պատմվածքը

Մի խումբ անհատներ և հասարակական կազմակերպություններ նամակ են հղել  Orange  բջջային օպերատորին, որում մտահոգություն են հայտնում ընկերության կողմից հայտարարված մրցույթի կապակցությամբ:

«Orange գրքի մրցանակ 2011»-ի ընթացքում, ինչպես Օրանժն է նշում իր պաշտոնական կայքէջում (http://orangearmenia.am/book-prize/), մրցույթին ներկայացվել է 130 ստեղծագործություն, որոնցից 79-ը` պատմվածք ժանրում: «Պրոֆեսիոնալ» ընթերցողներից կազմված ժյուրին, Օրանժի նկարագրության համաձայն, այդ հարյուր երեսուն աշխատություններից ընտրել է 11 աշխատություն, որոնցից մեկը` Պարույր Սանթրոսյանի «Մահապատժից ժամեր առաջ» ստեղծագործությունը, պարունակում է ատելություն նույնասեռականների նկատմամբ: Հեղինակը, մասնավորապես, իր աշխատության մեջ բողոքում է նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հավասարություն բոլոր անձանց նկատմամբ` ներառյալ նույնասեռականները, նաև նշում, որ նույնասեռականների մասին եթե խոսի, ապա ստիպված կլինի հայհոյանքներով խոսել:

Մեր մտահոգությունն ենք հայտնում առ վերոշարադրյալ հանգամանքը. Օրանժը Հայաստանում գործող այն բարձր համբավ ունեցող կազմակերպություններից է, որը գիտակցում է, որ ունի CSR (Corporate Social Responsibility) կամ հասարակության նկատմամբ պատասխանատվություն և միշտ էլ փորձում է բարձր պահել իր վարկանիշը համահայկական և միջազգային մակարդակով, ինչը որ նաև փորձում է անել «Ֆրանս Տելեկոմը» տեղական, ազգային և միջազգային հարթակներում: Օրանժի միջոցով սոցիալական խոցելի խմբերի ու փոքրամասնությունների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք արտահայտելը, կարծում ենք, նախ և առաջ վնասակար է հենց Օրանժի համար. բացի նրանից, որ Օրանժը կարող է կորցնել իր հաճախորդներից շատերի վստահությունը և վնաս կրել PR (Public Relations) մակարդակում, սա նաև վտանգավոր է Օրանժի ԼԳԲՏ (Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) հաճախորդների և աշխատակիցների համար, որովհետև տվյալ աշխատության հեղինակն անպատվում է ԼԳԲՏ անձանց և ոտնահարում նրանց արժանապատվությունը: Ինչպես Օրանժն է նշում, ընկերությունը կարևորում է իր հաճախորդներից յուրաքանչյուրին թափանցիկություն, որակ և անվտանգություն տրամադրելու նշանակալից գործընթացը և նպատակը: Օրանժը նաև արժևորում է բազմազանությունը և հավասար հնարավորությունների տրամադրումը` պայքարելով ցանկացած տեսակի խտրականության դեմ:

Անհասկանալի է, թե ինչպես է Օրանժի հայաստանյան մասնաճյուղը թույլ տվել, որ մրցույթին մասնակցի և «պրոֆեսիոնալ» ընթերցողների ժյուրիի կողմից 79 պատմվածքից ընտրվի մի պատմվածք, որ տարածում է ատելություն խոցելի սոցիալական խմբերից մեկի` նույնասեռականների նկատմամբ: Արդյոք թույլատրելի՞ կլիներ, որ մրցույթում ներառված լիներ մի պատմվածք, որը նույն ատելությունը կտարածեր, օրինակ, հրեաների կամ մաշկի այլ գույն ունեցող մարդկանց կամ այլ անհատների նկատմամբ:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, Օրանժին առաջարկում ենք հանդես գալ համապատասխան հայտարարությամբ և գործողություններով, որոնց շնորհիվ Օրանժը կվերահաստատի իր անաչառ և անկողմնակալ մոտեցումն իր ԼԳԲՏ հաճախորդների (նաև հնարավոր ԼԳԲՏ հաճախորդների, որոնց նա կարող է կորցնել հոմոֆոբիայի պատճառով) և սոցիալական խմբերի նկատմամբ` հետևելով Օրանժի միջազգային քաղաքականությանը և սատարելով ՀՀ Սահմանադրության 14.1-րդ դրույթը, որը հավասարություն է երաշխավորում բոլորի նկատմամբ` անկախ անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքներից (տվյալ դեպքում` անկախ անհատի սեռական կողմնորոշումից): Մասնավորապես, առաջարկում ենք մրցույթից հեռացնել վերոնշյալ աշխատությունը», – նշված է նամակում: