Home / Հայաստան / «15 պահանջ և 15000 մարդ». Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է հացադուլի մեկ շաբաթը

«15 պահանջ և 15000 մարդ». Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է հացադուլի մեկ շաբաթը

Մեկ շաբաթ առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» քաղաքական, քաղաքացիական ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավորին այցելել է 15000 մարդ:

Այս մասին Ազատության հրապարակում կայացած լրագրողների հետ զրույցում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ ներողամտաբար է վերաբերում այս ընթացքում իր հասցեին հնչեցրած բոլոր տեսակի մեկնաբանություններին:

«Եղել են նաև տարբեր տեսակետներ առ այն, թե արդյոք սա քրիստոնեկան ծոմ է, թե քաղաքացիական հացադուլ: Ըստ երևույթի, ոչ բոլորն են ծանոթացել մարտի 13-ին «Ժառանգության» ընդունված որոշման հետ, որտեղ շատ հստակ գրված է «Ժառանգության» քաղաքական պահանջը, ինչպես նաև 15 ենթապահանջները»,- ասել է Հովհաննիսյանը` թվարկելով դրանք.

1.Ժողովրդին իշխանություն,

2.ոչ կուսակցապետությանը,

3.ժողովուրդն է երկրի տերը,

4. ձայն բազմաց, ձայն Աստծո,

5. ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր,

6. ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, ,

7. հայ երիտասարդին արժանապատիվ ապագա,

8. ժողովրդին աշխատանք,

9. SOS Հայաստանը հայաթափվում է,

10. ոչ անարդարությանը, աղքատությանը և արտագաղթին

11. վերջ իշխող կոռուպցիային

12. ուժը բարոյականության մեջ է նաև

13. ոչ արձանագրություններին, այո հայրենիքին

14. Արցախին ճանաչում,

15. այն հրաշք երկիրը, որ մերն է և մերն է լինելու` Հայաստան:

«Սրանց մեջ տեղավորվում է մեր քաղաքացիական ակնկալիքը, ճանապարհը և ապագան», – հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքի ընթացքում երիտասարդները, յուրաքանչյուր պահանջը պաստառի վրա գրած, կանգնում էին նրա հետևում:

Լրագրողները հիշեցրել են Րաֆֆի Հովհաննիսյանին, որ հացադուլի մեկնարկին, ինքը նշել, որ պահանջներ չունի, ինչին «Ժառանգության» առաջնորդը պատասխանել  է.

«Քաղաքական պահանջը դրել է ողջ ժողովուրդը: Հայ ժողովուրդը գիտի, թե որն է այն մեծ սխալը, որի մեջ մենք ապրել ենք և ապրում ենք, և ինչ քայլերով դա պետք է լուծենք` ընտրական իրավունք, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքականություն և այլն: Քաղաքական պահանջը` դա արել է ժողովուրդը, դրան երկրորդել է մեր կուսակցությունը` «Ժառանգությունը», և հարակից այլ ուժեր, կոնգրեսներ և կուսակցություններ, և իմը` դրան ձայնակցելն է և վերածել քաղաքացիական ակնկալիքի` առաջին հերթին ուղղված Հայաստանի հասարակությանը»: