Home / Տեսանյութեր / Մոտոցիկլետով տղամարդը Ֆրանսիայում սպանում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին (թարմացված)

Մոտոցիկլետով տղամարդը Ֆրանսիայում սպանում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին (թարմացված)

Այսօր Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հրեական դպրոցի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել` երկու երեխա և մեկ մեծահասակ, հաղորդում է BBC-ն:

Ոստիկանության փոխանցմամբ` անհայտ տղամարդը կրակ է արձակել դպրոցի կանգառում կանգնած մարդկանց ուղղությամբ և փախուստի դիմել մոտոցիկլետով:

BBC-ն նշում է, որ երեք օր առաջ Ֆրանսիայի միևնույն հատվածում կրկին մոտոցիկլետով տղամարդը հրազենով երեք զինվորների էր սպանել:

Տեղի բնակիչները նախորդ շաբաթվա դեպքերը կապում են այսօրվա հարձակման հետ: Թուլուզի լրագրող Քրիստոֆեր Բոքմանը հաղորդել է BBC-ին, որ հարձակման զոհ դարձած զինվորները այլազգի են եղել, և կարելի է եզրակացնել, որ հանցագործը դիտավորյալ կերպով ազգային փոքրամասնություններին է որպես հարձակման թիրախ ընտրում:

Ֆրանսիական հեռուստաալիքի թղթակիցը հաղորդել է նաև, որ տղամարդը սև մոտոցիկլետով է եղել:

Ներքին Գործերի նախարարը կարգադրել է անվտանգության ուժերին խստացնել հսկողությունը Ֆրանսիայի հրեական դպրոցների տարածքում: