Home / Հայաստան / «Անգրագետ ու սխալ որակումներ». Ընդդիմությունը պատասխանում է ՀՔԾ-ին

«Անգրագետ ու սխալ որակումներ». Ընդդիմությունը պատասխանում է ՀՔԾ-ին

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)` մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակած տեղեկատվական հաղորդման մեջ առկա են անգրագետ ու սխալ քրեա-իրավական գնահատականներ ու որակումներ:

Այս մասին այսօր հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) պետաիրավական հանձնախմբի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը` լրագրողներին ներկայացնելով ՀԱԿ-ի պետաիրավական  հանձնախմբի  դիտարկումներն ու գնահատականները՝  կապված ՀՔԾ-ի հրապարակած տեղեկատվական հաղորդման հետ:

Գագիկ Ջհանգիրյանի խոսքով` ՀՔԾ-ի հրապարակած փաստաթուղթը ոչ միայն չի փարատել Կոնգրեսի ներկայացուցիչների ունեցած կասկածները գործի քննության օբյեկտիվության և բազմակողմանիության ապահովման առումով, այլև հարուցել է նորերը:

«Այս փաստաթղթի հիմնական նպատակը մարտյան դեպքերի վերաբերյալ  իրավապահ մարմինների գործողություններին նախկինում տրված իրավաբանական անգրագետ ու սխալ քրեա-իրավական գնահատականների ամեն գնով հաստատումն ու հիմնավորումն է, ինչպես նաև սպանություններից մի քանիսի բացահայտման աջակցելուն ուղղված Փաստահավաք խմբի զեկույցներում տեղ գտած փաստերի ու եզրակացությունների ամեն գնով առարկումն ու հերքումն է», – ասել է բանախոսը:

Մեջբերելով ՀԱԿ-ի փաստաթղթի դիտարկման առաջին կետը՝ Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն Ազատության հրապարակում 2008թ. փետրվարի 19-ից նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող քաղաքացիների բազմահազարանոց խաղաղ հավաքները չորս տարի ի վեր որակում են որպես սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ, չնայած այն հանգամանքին, որ մինչ այսօր որևէ հայտնի ընդդիմադիր այդպես էլ դատի չի տրվել ու չի դատապարտվել քրեական օրենսգիրքի համապատասխան հոդվածով:

«Մինչ օրս մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ նշանակության ջոկատայինների իրականացրած հակաօրինական ու վայրենի գործողություններին ինչ պատճառաբանություն ու բացատրություն ասես, որ չեն բերել, բայց այդպես էլ ոչ մի օրինական հիմնավորում չեն կարողացել ներկայացնել: Նախ, ի սկզբանե քրեական գործ հարուցելու որոշման մեջ այդ ակցիաների դադարեցումը ներկայացված էր որպես  շուրջօրյա զանգվածային հավաքների «հարկադիր դադարեցման նպատակով ձեռնարկված միջոցառումներ:

Հետո արդեն ոստիկանությունը տեսավ, որ չի կարող այդ ձևակերպման տակ այդ գործողությունները տեղավորել, որովհետև«բացակայում էին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» այն ժամանակ գործող օրենքով նախատեսված հիմքերը:

Սկսեցին այնուհետև այդ իրադարձություները փորձել խցկել ՀՀ քրեական դատավարության օրենսդրության դաշտ և ներկայացնել որպես «տեղանքի զննություն», քննչական անհետաձգելի գործողության կատարում: Սակայն դա էլ ձախողվեց, որովհետև պարզվեց, որ  մոռացել էին նախապես Ազատության հրապարակ հրավիրել մեծաթիվ քննչական խմբի, կրկնակի անգամ ավել ընթերակաների, բազմաթիվ փորձագետների և այլն: Ու բացի դա, այդ գործողությունները սկսել էին ոչ թե քննչական գործողությունների համար սովորաբար ընդունված ժամին, որը  7.00-22.00-ն է, այլ ավելի վաղ»,- ընդգծել է Գագիկ Ջհանգիրյանը:

Նա նշել է, որ, քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ հաուկ քննչական ծառայությունը, անտեսելով օրենք և օրինականություն, ինքնամոռաց ծառայում են գործող իշխանությանը մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուներին, սսպանություններ գործած անձինք չեն հայտնաբերվելու ու քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու: