Home / Հայաստան / Հայաստանում աղջիկներից ավելի շատ հրաժարվում են բարձրագույն կրթությամբ կանայք

Հայաստանում աղջիկներից ավելի շատ հրաժարվում են բարձրագույն կրթությամբ կանայք

Հայաստանի մոտ 900 000 վերարտադրողական տարիքի կանանց 0,8 տոկոսը վերջին 5 տարիների ընթացքում կատարել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում: Դա նշանակում է, որ երկիրը յուրաքանչյուր տարի պոտենցիալ կերպով կորցնում է մոտ 1400 ապագա մայր, քանի որ Հայաստանում աղջիկներից հրաժարվում են ի օգուտ տղաների: Այս մասին ասված է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացրած «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցում, որը լրագրողներին այսօր ներկայացրել են Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Զեկույցում նշված է, որ հետազոտության մեջ ընդգրկված կանանց մեծամասնությունը սկսել է երեխա ունենալ 19-35 տարեկանում, ինչը շատ կարևոր է առողջ մայրության համար: Զեկույցը հիմնված է 2830 տնային տնտեսություններում 2011 թ. հուլիսի 15-ից օգոստոսի 15-ն անցկացված քանակական հետազոտության, ինչպես նաև երևույթի որակական ուսումնասիրության արդյունքների վրա:

«Ամենաբարձր ցուցանիշը սեռով պայմանավորված արհեստական վիժումների ցույց են տվել տարօրինակաբար բարձրագույն կրթությամբ, 100 000-ից բարձր եկամուտ ունեցող կանայք: Դրանք բաներ են, որ այս հետազոտությամբ դեռ պարզել հնարավոր չի: Մենք հաջորդ տարի մեր գործընկերների հետ համատեղ կփորձենք հետազոտություն անել և փորձել հասկանալ այս հետազոտությամբ բացահայտված գաղտնիքները: Ինձ համար դա բացահայտում էր, ես կարծում էի, որ բարձրագույն կրթությամբ կանայք ավելի քիչ պիտի դրան գնան», – ասել է Գարիկ Հայրապետյանը:

Ռազմիկ Աբրահամյանն էլ նշել է, որ վերջին երկու-երեք տարիներին Հայաստանում ընդհանրապես կատարվել է 7000 -7500 հղիության ընդհատում: Հանրապետությունում անկախ նրանից սեռով են դրանք պայմանավորված, թե ոչ, օրինական հղիության ընդհատումները վճարովի են:

«Այն երկրներում, որտեղ հղիության ընդհատումն արգելված է, այնտեղ կրիմինալ հղիության ընդհատումներն են շատ: Միայն Իտալիայում հատուկ ուսումնասիրություն կար, որ ուրբաթ, շաբաթ կիրակի ինքնաթիռները երեք անգամ ավելի շատ են Ֆրանսիա մեկնում, քան մյուս օրերին, որովհետև կանայք ոչ աշխատանքային օրերին գնում են Ֆրանսիա կամ այլ երկիր հղիություններն ընդհատելու համար», – ասել է Ռազմիկ Աբրահամյանը: