Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանը համոզված է` իր ընկեր Ծառուկյանը չի միանա Տեր-Պետրոսյանին

Ռուբեն Հայրապետյանը համոզված է` իր ընկեր Ծառուկյանը չի միանա Տեր-Պետրոսյանին

Հանրապետական կուսկացության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը համոզված է, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ մեծամասնություն է կազմելու Ազգային ժողովում:

Այս մասին նա հայտարարել է «168 ժամ» պարբերականի լրագրողի հետ զրույցում:

Հայրապետյանը նաև համոզմունք է հայտնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսկացության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի համագործակցի Հայ Ազգային Կոնգրեսի հետ:

«Մի բան հստակ կարող եմ ասել. Գագիկ Ծառուկյանը հնարավոր է միանա մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից: Դա իմ անձնական համոզմունքն է: Նախ` Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է, հետո` կոալիցիոն գործընկերն է, ես նրա հետ ամենօրյա շփում ունեմ, և նա այնքան խելացի մարդ է, այնքան է սիրում իր երկիրը, որ հաստատ չի միանա Լևոն Տեր-Պետրոսյանին: Տեր-Պետրոսյանից իր համախոհներն են փախչում, Գագիկ Ծառուկյանը խելացի մարդ է, ինչո՞ւ պետք է գնա նրա հետևից», – ասել է Հայրապետյանը:

Լրագրողի այն դիտրկմանը, որ եթե Ծառուկյանը, այնուամենայնիվ, միանա Տեր-Պետրոսյանին` գտնելով, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր լինելն ավելի շահեկան է, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է.

«Չի գնա, ես` իմանալով, ճանաչելով Գագիկ Ծառուկյանին, համոզմունք ունեմ, որ նա երբեք չի գնա այդ քայլին: Բայց եթե դուք պնդում եք Ձեր հարցադրումը, ապա կարող եմ ասել` եթե, եթե, եթե, եթե` ինչ էլ լինի, միևնույնն է` ՀՀԿ-ն հաղթելու է այս ընտրություններում, որովհետև մեր ժողովուրդը շատ խոհեմ է: Ժողովուրդն ամեն ինչ դնում է կշեռքի նժարին: Հիմա, եթե Գագիկ Ծառուկյանը միանա Լևոն Տեր-Պետրոսյանին, նա անմիջապես կկորցնի հեղինակությունը… Ժողովուրդն ինչքան էլ մեր իշխանություններին չսիրի, միևնույնն է` Տեր-Պետրոսյանին ձայն չի տա: Ես չեմ ասում, թե ՀՀԿ-ն թերություններ չունի: Մենք էլ ունենք մեր թերությունները, բայց դա չի նշանակում, թե մենք այնքան վատն ենք, որ կարող է մեծամասնություն չկազմենք առաջիկա ԱԺ-ում», – հայտարարել է Հայրապետյանը: