Home / Բանտ / Սարի թաղի երթից հետո ձերբակալվածն անժամկետ հացադուլ է հայտարարել

Սարի թաղի երթից հետո ձերբակալվածն անժամկետ հացադուլ է հայտարարել

«Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհաննես Ղազարյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով արդարացնել և ազատ արձակել իրեն: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)։ Այս տարվա հուլիսի 29-ին նա Սարի թաղում մասնակցել է «Սասնա ծռեր» խմբի աջակցության երթին։ Այդ օրը ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել ցուցարարների և լրագրողների դեմ, պայթուցիկներ ու լուսաձայնային նռնակներ օգտագործել, ոստիկանների գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։

Ղազարյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»:

«Այնինչ, նա պարզապես իրացրել է հավաքներին մասնակցելու իր իրավունքը, որևէ հանցագործություն չի կատարել, և նրա գործողությունների արդյունքում որևէ անձ չի տուժել: Ընդ որում՝ նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանների ցուցմունքների հիման վրա միայն՝ համապատասխան ապացույցների բացակայությամբ», – հայտնում է ՀՔԱՎ-ը:

Նոյեմբերի 22-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան որոշել էր երրորդ անգամ երկարաձգվել Ղազարյանի կալանքի ժամկետը՝ մերժելով գրավը կիրառել որպես կալանավորման այլընտրանքային միջոց:

Կալանքի ժամկետը երկարացնելը դատարանը պատճառաբանել է նրանով, որ այն խցից, որտեղ պահվում է Ղազարյանը, բջջային հեռախոսներ են հայտնաբերվել: Դատարանը նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել հեռախոսային խոսակցությունների վերծանումներ՝ պարզելու համար հայտնաբերված հեռախոսներից Ղազարյանը զանգեր կատարել է, թե ոչ։

«․․․Սակայն դա որևէ առնչություն չունի Ղազարյանին առաջադրված մեղադրանքի ծավալի հետ: ՔԿՀ-ում արգելված իրեր հայտնաբերելու համար հիմնարկը կարող է ծառայողական քննություն իրականացնել՝ պարզելու համար, թե ինչ ճանապարհով են դրանք հայտնվել դատապարտյալների մոտ, այլ ոչ թե արգելված իր հայտնաբերելու համար կալանքի ժամկետ երկարացվի, որը կալանավորման հիմք չի համարվում», – նշում է ՀՔԱՎ-ը: