Home / Ազգային ժողով / ԱԺ֊ն ընդունեց «1000 դրամների օրինագիծը»․ դեմ էին 3 պատգամավորներ

ԱԺ֊ն ընդունեց «1000 դրամների օրինագիծը»․ դեմ էին 3 պատգամավորներ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների աջակցության ֆոնդ ստեղծելու Կառավարության օրինագիծը եռօրյա քննարկումներից հետո այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային Ժողովի կողմից։ «1000 դրամների օրինագծին» կողմ է քվեարկել 102 պատգամավոր, դեմ՝ 3-ը, այսօր ներկաներից 9-ը չեն քվեարկել։ Դեմ քվեարկողներն են ՀԱԿ խմբակցության անդամներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Մինչ քվեարկությունը դրան չմասնակցելու իր որոշումը պարզաբանել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ասելով, որ օրինագիծը երկու կետով հակասում է ՀՀ Սահմանադրությունը և երեք այլ օրենքների, ուստի ինքը չի մասնակցի քվեարկությանը։

Նախորդ օրերին օրինագիծը, որով առաջարկվում է յուրաքանչյուր աշխատող մարդուց ամսական 1000 դրամ գանձել հօգուտ աջակցության ֆոնդի, բուռն քննարկումների առարկա է դարձել ԱԺ֊ում։ Ընդդիմադիր պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Զարուհի Փոստանջյանն ասել են, որ կարիք չկա նոր հարկատեսակ դնել բոլոր աշխատող անձանց վրա, քանի որ զինծառայողներին օգնելու գումար այլ տեղերից կարելի է միջոցներ գտնել։ Փոստանջյանը  նկատել է, որ հանրությունը դեմ է այս օրինագծին, և կոչ է արել մի անգամ լսել ժողովրդին և մերժել նախագիծը։

Պատգամավոր Արամ Մանուկյանը մատնանշել է այն ճանապարհները, որոնց միջոցով կարելի է այդ գումարը գտնել՝ չգանձելով այն քաղաքացիներից։ Մասնավորապես, նա ասել է, որ Ազգային ժողովի դահլիճում պաշտոնապես 60 միլիոնատեր կա, և դա սոված, աղքատ երկրում։ Պատգամավորն առաջարկել է նաև կրճատել բանակի գեներալների և ոստիկանության աշխատողների թիվն ու այդ գումարը տալ զինվորներին և նրանց ընտանիքներին։