Home / Կանանց իրավունքներ / Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումը վերածվեց միայն երեխաների իրավունքների շուրջ զրույցի

Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումը վերածվեց միայն երեխաների իրավունքների շուրջ զրույցի

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» հասարակական կազմակերպությունների կոալիցիան պնդում է, որ ընտանեկան բռնության վերաբերող օրենք չի կարող ստեղծվել առանց իրենց մասնակցության, քանի որ Կոալիցիայի անդամներն են ոլորտի մասնագետները։ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, իր հերթին, կարծում է, որ միայն Կոալիցիայում չեն մասնագետները․ Կոալիցիային առաջնային դեր տալու դեպքում դուրս  կմնային, օրինակ, «ընտանեկան արժեքների ջատագով» ՀԿ֊ները։

Առանց կին իրավապաշտպանների մասնակցության կազմված «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագիծը երեկ այլ նախագծերի թվում պետք է քննարկվեր Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի հերթական նիստին։

Այդ ընթացքում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները բողոքի ակցիա էին անում դրսում՝ «Ես չեմ մասնակցել», «Հարցրեցիք, բայց հաշվի չառաք» գրառումներով պաստառներով։

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, տեղեկանալով, որ դրսում բողոք է, ասաց, որ այդ ակցիան ֆորմալ է, ու չարժի, որ կանայք ներքևում «գոռգռան», եթե իրենք ունեն ներկայացուցիչ նիստին, և իրենք էլ կարող են բարձրանալ վերև։

Քիչ անց նիստին միացան ակցիայի մասնակիցները։ Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Լարա Ահարոնյանը նշել է դժգոհության պատճառը․ «Աշխատանքային խմբում պետք է լինենք մենք, քանի որ տեսել ենք ձեր դատարանները, ձեր իրավաբաններին, ձեր ոստիկաններին, որոնք  չգիտեն՝ ինչ է ընտանեկան բռնությունը։ Եթե մեզ չեք ներգրավվում, ապա ձեր օրենքի մշակումը ձևական է»։

Ահարոնյանի հայտարարությունից հետո Կոալիցիայի անդամները լքեցին դահլիճը, իսկ հետագայում հարցը նիստին այդպես էլ ըստ էության չքննարկվեց։

Նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդհանրապես չի մասնակցել տվյալ օրինագծի քննարկման։ Երբ հերթը հասել էր այդ նախագծին, նախարարը, ներողություն խնդրելով բոլորից, հեռացել էր այլ հանդիպման մասնակցության պատճառաբանությամբ։ Նրա հետ դահլիճը լքել էին նաև նիստին ներկա մի քանի այլ կանայք, այդ թվում՝ ԲՀԿ֊ական պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Օրինագծի շուրջ քննարկումը վարելը հանձնվել էր Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, սակայն ներկաները ավելի շատ հետաքրքրված էին «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով և շարունակեցին խոսել դրանից։ Կանանց դեմ բռնության վերաբերյալ քննարկումը կարճ տևեց․ տեսակետ հայտնեց «Save the children» տնօրեն Արսեն Ստեփանյանը՝ նշելով, որ օրինագիծը մշակելիս պետք է առաջնորդվել երեխայի շահով։ Նա նկատեց նաև, որ  «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագծում և ՀՀ այլ օրենքների միջև կան հակասություն․ բոլոր այլ օրենքները  կարևորում են ընտանիքը որպես պետության հիմք, իսկ այս օրենքն առաջարկում է բռնության զոհ դարձած երեխաներին «կացարաններում» պահել։

Հանրային խորհրդի մեկ այլ ներկայացուցիչ՝ կին, ասաց, որ բռնության են ենթարկվում նաև տղամարդիկ։ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ևս խոսեց երեխաների մասին՝ ընդգծելով, որ բռնության տեսակ է նաև չափից մեծ ուշադրությունը երեխաների նկատմամբ, օրինակ, նրանց դաս անել ստիպելը։

Նշենք, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը միտված է օգնել բռնության զոհերին, ընտանեկան բռնության երևույթը դիտել որպես հանցանք։ Այսպիսով, ընտանեկան բռնությունը չի դիտվի որպես «ներընտանեկան խնդիր», այլ կդիտարկվի որպես մարդու իրավունքների խախտում: Օրինագիծն առաջ է քաշվել՝ հաշվի առնելով, որ Հայաստանում մեծ թիվ են կազմում ամուսինների կողմից բռնության ենթարկվող կանայք։ Վերջին տարիներին ընտանեկան բռնության մի շարք դեպքեր ավարտվել են կանանց սպանություններով։ Օրենքի ընդունման կարևորության մասին բազմիցս ահազանգել են կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները։