Home / Հայաստան / «Նաիրիտ»-ի աշխատողները պահանջում են 4 ամսվա չվճարված աշխատավարձը

«Նաիրիտ»-ի աշխատողները պահանջում են 4 ամսվա չվճարված աշխատավարձը

Հինգշաբթի առավոտյան «Նաիրիտ» գործարանի մոտ 150 աշխատակիցներ փակել էին գործարանին հարող Բագրատունյաց փողոցը՝ պահանջելով վճարել իրենց 4 ամսվա աշխատավարձերը։  Փողոցը մոտ 15 րոպե փակված մնալուց հետո բացվել է ոստիկանների միջամտության արդյունքում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է գործարանի արհմիության նախագահ Հրաչ  Թադևոսյանը։

«260 աշխատակիցների գումարները չեն տվել։ Դիմել ենք բոլոր ատյաններին՝ նախագահին, վարչապետին, սակայն ոչ մեկը մեզ պատասխան չի տվել։ Իսկ գործարանի ղեկավարությունը ոչինչ չի կարող ասել, քանի որ մեր աշխատավարձի հարցը պետք է լուծի Էներգետիկ ենթակառուցվածքի և բնական պաշարների նախարարությունը»,- ասել է Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ գործարանի  ղեկավարությունից խոստացել են հանդիպել Էներգետիկ ենթակառուցվածքի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին և հարցին լուծում տալ։ «Եթե այս հարցը չլուծվի, վաղը կրկին ակցիա ենք անելու»,- հավելել է Թադևոսյանը։