Home / Մարզեր / Վարդենիսի բնակիչը կարած բերանով կրկին ակցիա է անցկացրել Կառավարության շենքի մոտ

Վարդենիսի բնակիչը կարած բերանով կրկին ակցիա է անցկացրել Կառավարության շենքի մոտ

Վարդենիսի բնակիչ, փականագործ Արմեն Երանոսյանը այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց կրկին կարած բերանով բողոքի ակցիա է անցկացրել։ Երանոսյանը շարունակում է պահանջել, որ իրեն վերականգնեն նախկին աշխատավայրում՝ Սոթքի ոսկու հանքում։

Երանոսյանը հոկտեմբերի 17-ից հացադուլ էր սկսել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Հոկտեմբերի 22-ին ոստիկանները նրան բռնության կիրառմամբ տարել էին հիվանդանոց, քանդել բերանի կարերը, ապա իր կամքին հակառակ տեղափոխել «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն։

Երանոսյանին հոգեբուժարանում 3 օրվա ընթացքում մի քանի անգամ ստիպողաբար դեղեր են ներարկել։ Հոգեբուժական կենտրոնից նրան հոկտեմբերի 24-ին դուրս են հանել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները։

Այսօր Երանոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված նամակ է հանձնել, որում խնդրում է վերականգնել իրեն աշխատավայրում։

Նամակը հանձնելու համար Արմեն Երանոսյանին ՀՀ կառավարության շենքի ընդունարան ուղեկցել են իրավապաշտպանները և լրագրողները, քանի որ վերջինս համոզված էր, որ միայնակ գնալու դեպքում ոստիկանները կրկին իրեն հոգեբուժարան կտանեն։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք հուսով են, որ վարչապետը կարձագանքի Երանոսյանի հանձնած նամակին․ «ՄԵնք հնարավոր ամեն բան արել ենք և շարունակաբար հետևելու ենք, որ չխախտվեն նրա իրավունքերը, քանի որ վստահ եմ, որ ոստիկանները փորձելու են նորից խնդիրներ առաջացնել Երանոսյանի համար»։

Կարապետյանցը նշել է, որ հոգեբուժարանից դուրս գալուց հետո Երանոսյանը Վարդենիսի իրավապահներից պարբերաբար զանգեր է ստացել․ «Ոստիկաններն այցելել են նաև Արմենի 80֊ամյա մորը։ Ըստ Արմենի՝ այլ պաշտոնյաներ էլ են գնացել և հորդորել, որ Արմենը հետ գնա Վարդենիս»։

Մանրամասները՝ տեսանյութում․