Home / Հայաստան / Ոստիկանությունն իր դեմ հայց ներկայացրած կնոջ հետ հաշտության եզրեր չի տեսնում

Ոստիկանությունն իր դեմ հայց ներկայացրած կնոջ հետ հաշտության եզրեր չի տեսնում

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է 2015 թվականին Էլէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի օրերին իր անձը վիրավորելու համար ՀՀ ոստիկանության և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ հայց ներկայացրած Ելենա Օվսյաննիկովայի գործով դատական նիստը։

Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացի Ելենա Օվսյաննիկովան այն ժամանակ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանից, ինչպես նաև ՀՀ ոստիկանությունից, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանից իր անձը վիրավորելու համար յուրաքանչյուրից 2-ական միլիոն դրամ է պահանջում։

Այսօրվա դատական նիստի ժամանակ ներկայացվել է գործի ապացույց համարվող տեսանյութը, որում Թևան Պողոսյանը պատմում էր, թե ինչ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում նստացույցի օրերից մեկի ընթացքում։ Նա ժխտել է այն, որ ինքն Օվսյաննիկովային «ուկրաինացի պրովոկատոր է» անվանել։

Կնոջ պաշտպան Տիգրան Եգորյանն էլ ներկայացրել է այս տարվա հոկտեմբերի 18-ին Նարեկ Մալյանի կատարած ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս շարունակել է Օվսյաննիկովայի հասցեին վիրավորական արտահայտություններ գրել։ Եգորյանի համոզմամբ՝ Մալյանը թիրախավորել է Օվսյաննիկովային, և նման հրապարակումները  շարունակվելու են, եթե չլինի դատական պաշտպանություն։ 

Իր վերջին խոսքում Եգորյանը նշել է, որ այս խնդիրը չէր հասնի դատական գործընթացին, և Օվսյաննիկովան էլ չէր պահանջի դրամական փոխհատուցում, եթե ոստիկանության ներկայացուցիչները և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պարզ ու մարդկային մոտեցում ցուցաբերեին և ընդունեին իրենց սխալն ու, թեկուզ ոչ հրապարակային, ներողություն խնդրեին․ «Այդ դեպքում չէր լինի այն շարունակական վիրավորանքը, որն առկա է նաև այսօր։ Այդ հարցը կլուծվեր լրիվ այլ մակարդակով ու դրանից կշահեր թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ պատասխանող կողմից յուրաքանչյուրի հեղինակությունը։ Այս գիտակցությունը, սակայն, չի դրսևորվում, ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից։ Եթե այս ամենը հնարավոր լիներ գիտակցել և այս պահին կատարվեին իմ ներկայացրած գործողությունները, ապա մենք պատրաստ ենք քննարկել հաշտության տարբերակը»։

Ոստիկանության ներկայացուցիչ Նարեկ Սիմոնյանն ի պատասխան հայտարարել է, որ ՀՀ ոստիկանությունը հաշտության եզրեր չի տեսնում։

Էդմոն Մարուքյանի պաշտպան Արթուր Սուքիասյանն էլ ընդծել է, որ պատգամավորի կողմից զրպարտություն չի եղել, այդ իսկ պատճառով իրենք հաշտության տարբերակը քննարկելու առիթ չունեն։ 

Վճիռը կհրապարակվի նոյեմբերի 4-ին, ժամը՝ 17։50-ին։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքի Ելենա Օվսյաննիկովան հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանության, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի, ինչպես նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ՝ բոլորից միասին պահանջելով 7 միլիոն դրամի փոխհատուցում իր անձը զրպարտելու և վիրավորելու համար: Հետագայում նա ավելացրել էր փոխհատուցման պահանջի չափը՝ այն հասցնելով 8 միլիոնի։

Իր հայցում Օվսյաննիկովան նշել էր, որ վերոնշյալ անձինք իրեն վիրավորել են էլէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի օրերին: Մասնավորապես, Նարեկ Մալյանը հայցվորի ֆեյսբուքյան էջից տարածել է լուսանկարներ, նշել նրա անուն-ազգանունը և գրել, որ Օվսյաննիկովան ոստիկաններին սեքս է առաջարկել: