Home / ԼԳԲՏ+ / Վրաստանի ոստիկանությունը տեղյակ էր՝ տրանսգենդեր կնոջը սպառնում են․ վերջինս կոմայի մեջ է

Վրաստանի ոստիկանությունը տեղյակ էր՝ տրանսգենդեր կնոջը սպառնում են․ վերջինս կոմայի մեջ է

Վրաստանի մայրաքաղաքում տրանսգենդեր կնոջ դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող տղամարդը կմնա կալանքի տակ, համաձայն Թբիլիսիի քաղաքային դատարանի երեկ կայացրած որոշման։ Միևնույն ժամանակ, Տրանսգենդեր կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչները պահանջում են պատասխանատվության ենթարկել իրավապահ մարմինների աշխատակիցներին, որոնք տեղյակ էին զոհին սպառնող վտանգի մասին, սակայն նրան պաշտպանելու ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել, հայտնում է «Էխո Կավկազա» գործակալությունը։

«Այն, ինչ հոկտեմբերի 14֊ին տեղի ունեցավ մեկի հետ, կարող է տեղի ունենալ մեզնից յուրաքանչյուրի հետ», ֊ ասել է Տրանսգենդեր կանանց աջակցման կենտրոնի խորհրդի անդամ Նատալիա Մաչարաշվիլին։ Կինը, ով նույնպես տրանսգենդեր է, խնդիրների է բախվում բնակարան վարձակալելիս, վախենում է դուրս գալ փողոց, և այլևս չունի որևէ հույս, որ երբևէ աշխատանք կգտնի։ Մաչարաշվիլիի խոսքով՝ աշխատանքի տեղավորվելու նրա բազմաթիվ փորձերը մշտապես ավարտվել են մերժումով։

«Մենք շատ սահմանափակված ենք․ տրանսգենդերի կյանքը շատ է տարբերվում հասարակ մարդու կյանքից։ Ես փորձել եմ աշխատանք գտնել, այստեղ֊այնտեղ եմ գնացել, բայց ամենուր մերժում եմ ստացել ու արդյունքում ստիպված եմ եղել աշխատել որպես սեքս աշխատող։ Տրանսգենդեր ու սեքս աշխատող լինելու երեք տարիների ընթացքում ինձ թե ծեծի են ենթարկել, թե՝ առևանգել․․․ Բազմիցս դիմել եմ դատարան, բայց՝ ապարդյուն»,֊ պատմել է նա։

«Տրանսգենդեր կանանց աջակցման կենտրոն» կազմակերպությունը հիմնադրվել է այս տարվա հոկտեմբերին։ Կենտրոնի աշխատակիցներ ունեն թե՛ տեսանյութեր, թե՛ աուդիոձայնագրություններ, որոնք ապացուցում են՝ հոկտեմբերի 14֊ի հարձակման զոհը միջադեպից առաջ դիմել էր իրավապահներին՝ խնդրելով իրեն պաշտպանել հետագայում կնոջը դաժան ծեծի ենթարկած մարդուց։ Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կենտրոնի գործադիր տնօրեն Գեորգի Տատիշվիլին։ Իրավապահները, սակայն, միայն ակտ են կազմել ու որևէ կերպ չեն պաշտպանել տրանսգենդեր կնոջը, ով ներկայումս գտնվում է կոմայի մեջ և ունի դրանից դուրս գալու մինիմալ շանսեր։

«Մենք պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ոստիկանության այն աշխատողներին, որոնք հրաժարվել են փաստի առնչությամբ քննություն սկսել․ դա ծառայողական անփութություն է։ Եթե գալիք օրերին այդ անփութության կապակցությամբ հետաքննություն չձեռնարկվի, մենք կդիմենք ծայրահեղ քայլերի՝ հացադուլ կհայտարարենք։ Ընդ որում, մենք անպայման հրապարակելու ենք հարձակման պահին դեպքի վայրում գտնված սեքս աշխատողի նկարահանած տեսանյութերն ու ձայնագրությունները»։

Տուժողի փաստաբան Ցիալա Ռատիանին, իր հերթին, ուշագրավ է համարում այն, որ մեղադրողը տեղի ունեցածը չի համարում զոհի գենդերայի պատկանելիության նկատմամբ ատելությամբ պայմանավորված հանցագործություն։

«Հանցագործության ականատես դեռևս չկա։ Հետևաբար, կան միայն մեղադրյալի ցուցմունքները։ Նա հայտարարել է, որ մտադիր էր սպանել զոհին։ Երբ տուժողը դեռ գիտակցությունը չէր կորցրել, [մեղադրյալը] ևս մեկ հարված է հասցրել նրա գլխին ու հեռացել դեպքի վայրից։ Գործ ունենք մահափորձի հետ, իսկ ինչ վերաբերում է շարժառիթներին, ես կարծում եմ, որ դեռևս չի կարելի բացառել՝ տեղի ունեցածը ատելության հողի վրա կատարված հանցագործություն է»,֊ ասել է Ռատիանին։