Home / Տեսանյութեր / Պետությունը ձերբակալված հարազատների համար պայքարող սարիթաղցիներին չի պատասխանում

Պետությունը ձերբակալված հարազատների համար պայքարող սարիթաղցիներին չի պատասխանում

Արդեն մեկ ամսից ավել բողոքող Սարի թաղ երևանյան թաղամասի բնակիչները չեն ստանում իշխանություններին ուղղված իրենց դիմում֊նամակների պատասխանները։ Նրանք պահանջում են համաներմամբ ազատ արձակել իրենց հարազատներին, ովքեր այս տարվա հուլիսի 19-ին ձերբակալվել էին ոստիկանների հետ բախման հետևանքով։

Սարի թաղի բնակիչներն այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացրել նախագահականի դիմացի մայթին։ Ակցիայի մասնակիցներից Նարինե Ղազարյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք նամակներով դիմել են թե՛ ՀՀ նախագահի նստավայր, թե՛ Ազգային ժողով․ երկու կառույցներից էլ իրենց հորդորել են դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։

Ղազարյանը նշել է, որ իրենք նաև Սարի թաղի բնակիչների շրջանում իրենց հարազատներին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք են անցկացրել և ուղարկել Ազգային ժողով։ «ԱԺ֊ից դա ուղարկել են Գլխավոր դատախազություն, այնտեղից էլ՝ Երևանի դատախազություն, և դեռ պարզ չէ, թե ինչ են արել էդ ստորագրահավաքը։ Մեր նամակների ու դիմումների պատասխանները չենք ստանում»,- ասել է նա։

Բնակիչները համոզված են, որ իրենց խնդիրը միայն Սերժ Սարգսյանը կարող է լուծել։

«Մենք խնդրում ենք, որ մեր տղաներին համաներմամբ ազատ արձակեն։ Մենք էլ հույսեր չենք կապում պետական կառույցների հետ, և համոզված ենք, որ մեր պահանջներին ընթացք չեն տալու։ Այս պարագայում միայն Սերժ Սարգսյանը կարող է լուծում տալ», ֊ նշել է Ղազարյանը։

Նշենք, որ Սարի Թաղի 9 բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարի Թաղի 9 բնակչի սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։