Home / Տեսանյութեր / Սարի թաղի ձերբակալված բնակիչների հարազատներն ԱԺ նախագահից պատասխան չստացան

Սարի թաղի ձերբակալված բնակիչների հարազատներն ԱԺ նախագահից պատասխան չստացան

Սարի թաղ երևանյան թաղամասի մի խումբ բնակիչներ այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացրել Ազգային ժողովի մոտ՝ պահանջելով համաներմամբ ազատ արձակել ձերբակալված հարազատներին։ Մինչ Ազգային Ժողովի մոտ գալը, բնակիչները բողոքի ակցիա էին անցկացրել նաև ՀՀ դատախազության դիմաց։

ԱԺ֊ի մոտ նախորդ ակցիայի ժամանակ՝ սեպտեմբերի 26-ին, Սարի թաղի բնակիչներն իրենց պահանջով նամակ էին հանձնել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին։ Նամակի տակ մոտ 500 մարդ էր ստորագրել։ Այսօր ձերբակալվածների հարազատները եկել էին ԱԺ֊ից պատասխան ստանալու համար, սակայն խորհրդարանի Քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնից նրանց ասել են՝ իրենց նամակի պատասխանը դեռ չկա և պետք է սպասել։

«Մեր ստորագրահավաքն ուղղված էր Գալուստ Սահակյանին և մեր տղաների համաներմանն էր վերաբերվում, սակայն մեզ ոչ մի պատասխան չեն տալիս։ Ասում են՝ դեռ ժամանակ կա, պատասխանը մեկ ամսում է լինում։ Իսկ մենք ժամանակ չունենք ու չենք կարող սպասել, քանի որ մեր տղաների դատը հոկտեմբերի 21-ին պիտի լինի։ Մենք հարիֆ չենք ու ժամանակ չունենք սպասելու»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարի Թաղի բնակիչներից Նարինե Ղազարյանը։

1saritagh

Բնակիչներից Լալա Բերնեցյանի խոսքով՝ այսօր ավելի վաղ դատախազությունից իրենց փոխանցել էին, որ միայն առողջական խնդիրներ ունեցող ձերբակալվածներին դեղերով ապահովելու հարցը կարող են լուծել, իսկ մեղադրանքի վերաբերյալ դատարանն է որոշում կայացնում․ «Իսկ դատարանից մենք ոչ մի հույս չունենք»։

Բերնեցյանն ասել է, որ իրենք շարունակելու են հետևողականորեն պայքարել իրենց հարազատների ազատ արձակման համար և պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել նաև ՀՀ նախագահի նստավայրի մոտ։

2saritagh

Նշենք, որ Սարի Թաղի 9 բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Գործով որպես տուժող  է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարի Թաղի 9 բնակչի սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։