Home / Բանակ / Զինվորի հոր կարծիքով՝ որդուն հերթապահության ժամանակ դիտավորյալ սպանել են. news.am

Զինվորի հոր կարծիքով՝ որդուն հերթապահության ժամանակ դիտավորյալ սպանել են. news.am

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան դիրքերից մեկում սեպտեմբերի 7-ին մահացած 19-ամյա Արման Ղանդիլյանը մահացել է ոչ թե «մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում», ինչպես նշված էր պաշտոնական հաղորդագրության մեջ, այլ դիտավորությամբ արձակված կրակոցից: News.am– ի հետ զրույցում այս մասին ասել է մահացածի հայրը՝ Ալիկ Ղանդիլյանը:

Մահացած զինվորի հայրը օրերս ստացել է մի տեղեկագիր, որտեղ նշված է, որ Ղանդիլյանի մահվան գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

«Ես ստացել եմ տեղեկագիր, ըստ որի, ժամկետային զինծառայող Հայկ Սեյրանյանը, որպես դիտորդ նշանակված լինելով հերթապահության, «մարտական հերթապահության կանոնները խախտելով՝ թուլացրել է աչալրջությունը և դիտորդի պարտականությունները կատարել ոչ առույգ»։ Դրա հետևանքով չի տեսել մյուս դիտորդ Արման Ղանդիլյանին խրամատի աջ մասում կառուցված խրամաբջիջ բարձրանալիս ու քիչ անց, նկատելով հողաթմբի վրա Ղանդիլյանի գլխի սիլուետը, առանց նշանաբան պահանջելու կրակահրեթ է արձակել նրա ուղղությամբ»,- կայքի հետ զրույցում ասել է զինծառայողի հայրը:

Նա նշել է, որ որդու սպանության մեջ կասկածվող Սեյրանյանը ասել է, թե «վախից խփել է, իմացել է, թե թուրք է»:

«Բայց կասկածում եմ, որ տենց է եղել: Դրանից մի 20 օր առաջ երեխու մոտից փող էին գողացել, իրեր էին գողացել: Կասկածում եմ` վեճեր են առաջացել, որը տեղափոխվել է դիրք», – ասել է Ալիկ Ղանդիլյանը:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը դեպքից հետո հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ղանդիլյանը մահացել էր «մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում»։

Մի քանի օր անց ՝ news.am-ի հետ զրույցում մահացած զինվորի բարեկամներից մեկը պատմել էր, որ Ղանդիլյանը «զուգարան գնալուց ճանապարհը խառնել է: Հակառակ կողմից է գնացել, գաղտնաբառ են հարցրել, չի պատասխանել, հետո մինչև ասել է՝ Արմանն եմ, խփել են»:

Ղանդիլյանը Գավառ քաղաքի բնակիչ էր, ընտանիքի միակ զավակը: Նա մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։