Home / Հայաստան / Ծաղկահովիտում խոչընդոտում են Արայիկ Խանդոյանի քարոզարշավը․ փաստաբան

Ծաղկահովիտում խոչընդոտում են Արայիկ Խանդոյանի քարոզարշավը․ փաստաբան

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում համայնքի ղեկավար առաջադրված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին միայն 2 օր առաջ են թույլ տվել քարոզարշավը կազմակերպելու համար հանդիպել իր վստահված անձանց հետ։ Այս մասին «Հելսինկայն ասոցացիա» իրավապաշտպան կազմակերպության տարածած տեսանյությում նշում է Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ իրենք նախընտրական պայքարը սկսելուց մեկ օր առաջ դիմել են վարույթն իրականացնող մարմնին, որ օրենքով սահմանված կարգով թույլատրեն Խանդոյանին հանդիպել իր վստահված անձանց հետ, սակայն դիմելուց հետո 10 օրից ավել ոչ մի պատասխան չեն ստացել։

«Ընդամենը 2 օր առաջ մեզ՝ ոչ թե վարույթն իրականացնող մարմինը, այլ Քրեակատարողական վարչությունից տեղեկացրեցին, որ իրենք թույլատրում են Խանդոյանի և իր վստահված անձանց միջև հանդիպումները։ Փաստացի քարոզարշավի վերջին 3 օրն է Արայիկ Խանդոյանը հնարավորություն ստացել իր նախընտրական քարոզչությունը կազմակերպել», – ասել է Պապիկյանը։

Պաշտպանի խոսքով՝ դրանից բացի, այլ միջոցներով ևս փորձ է արվում խոչնդոտել Խանդոյանի քարոզարշավին․ «Գյուղում՝ ատամնաբուժարանի պատին փակցված է եղել Խանդոյանի պաստառներից մեկը։ Ինչ֊որ պաշտոնյաներ մոտեցել են և ատամնաբուժարանի տնօրենից պահանջել, որ վերջինս հեռացնի Խանդոյանի նկարով պաստառը՝ սպառնալով, որ ինքը կամ իր հարազատները կարող են խնդիրներ ունենալ։ Պարզ է, որ սա հերթական անօրինական գործողությունն է և մի գյուղի պայմաններում անգամ իշխանությունը չի կարողանում արդար ընտրություններ կազմակերպել։ Հնարավոր բոլոր միջոցներով խոչնդոտում են Խանդոյանի քարոզարշավին։ Սակայն համայնքի բնակիչների մեծ մասը համոզված է, որ ընտրապայքարում միանշանակ հաղթելու է Արայիկ Խանդոյանը»,- ասել է Պապիկյանը։

Նշենք, որ բացի 45֊ամյա Արայիկ Խանդոյանից, Ծաղկահովիտի գյուղապետի պաշտոնին հավակնում են իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, գործող գյուղապետ 49֊ամյա Երվանդ Խաչատրյանը և Ծաղկահովիտ գյուղի նախկին գյուղապետ 60-ամյա Նորային Հակոբյանը, ով անկուսակցական է։