Home / Տեսանյութեր / Միքայել Դանիելյանը հեռացավ…

Միքայել Դանիելյանը հեռացավ…

Human Rights House Երևան իրավապաշտպան ցանցի տեքստն ի հիշատակ օգոստոսի 24-ին կյանքից հեռացած Միքայել Դանիելյանի:

«ՀՌՀ Երևան իրավապաշտպան ցանցը ցավով հայտնում է, որ օգոստոսի 24-ին մենք կորցրեցինք մեր կառույցի նախաձեռնող հիմնադիր և գործող նախագահ Միքայել Դանիելյանին։

Նա նաև հիմնադիրն ու ղեկավարն էր Հելսինկյան ասոցիացիայի, ինչպես նաև Հայաստանում բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների հիմանդրման աջակիցը։

Միքայել Դանիելյանը մեր երկրում իրավապաշտպան շարժման կարևոր առաջնորդներից էր, ում համար մարդու իրավունքները բացարձակ անզիջելի արժեք էր։ Միքայել Դանիելյանը երբեք չվարանեց զբաղվել մարդու իրավունքների ամենաբարդ խնդիրներով և հասարակության կողմից ամենաանտեսված և լուսանցք մղված խմբերի պաշտպանությամբ։ Նա առաջին իրավապաշտպանն էր, ով զբաղվեց ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությամբ, ինչպես և առաջիններից էր կրոնական կազմակերպությունների հետևորդների իրավունքների պաշտպանության հարցում։ Նա հաջողել է պետական կամայականություններից պաշտպանել սոցիալական ծանր պայմաններում ապրող՝ խոցելի անձանց։ Իր ուշադրության կենտրոնում էին նաև քաղաքական կամ քաղաքացիական այլախոհ գործունեության համար հետապնդվող մարդիկ։ Հենց այսպիսի գործունեության համար էլ նա հաճախ մնաց չհասկացված և երբեմն նույնիսկ հարձակումների ու հետապնդումների թիրախ դարձավ։ Նա հաճախ աննկատ, բայց մեծ դեր է ունեցել մեր երկրում քաղաքացիական հասարակության և ակտիվիզմի զարգմացման մեջ, նրա զորակցությամբ ու խրախուսանքով են շատերը միացել Հայաստանում իրավապաշտպան և դեմոկրատիայի զարգացման գործին։

Միքայել Դանիելյանի վառ կերպարը կմնա մեր սրտում և մտքում՝ իր գործով, սիրած երաժշտությամբ, վայրերով և իր սովորություններով։

Միքայել Դանիելյանը հեռացավ, սակայն թողեց իր վառ հիշատակը, իր սկզբունքներն ու համոզմունքներն ամբողջությամբ կիսող ընկերներ և դրանց մեծամասամբ համակիր գործընկերներ։ Մենք՝ որպես նրա ընկերներ և գործընկերներ, կշարունակենք մեր գործը, այն է՝ աշխատել հանուն Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, երկրի դեմոկրատացման և տարածաշրջանի խաղաղության»։