Home / Բանտ / «Սասնա ծռերի» վիրավոր անդամներին խոշտանգում են․ փաստաբաններ

«Սասնա ծռերի» վիրավոր անդամներին խոշտանգում են․ փաստաբաններ

«Սասնա ծռեր» խմբի անազատության մեջ գտնվող ծանր վիրավորված անդամներին խոշտանգում են «Դատապարտյալների հիվանդանոց»֊ում։ Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում այսօր կայացած քննարկման ժամանակ ասել են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը և «Սասնա ծռեր» խմբի 5 անդամների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Վերջինիս խոսքով՝ 7 կալանավորների մոտ այժմ չկա բժշկական հերթապահություն։

«Այն ժամանակ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժակների կողմից 24-ժամյա հերթապահություն էր նշանակվել։ Բացի դա, հերթապահությունն այսօր հանվել է։ Ես տեսակցել եմ իմ երեք պաշտպանյալներին, որոնք գտնվում են «Դատապարտյալնների հիվանադանոցում» և տեսել եմ, որ նրանց իրավունքները խախտվում է։ Հիվանդանոցում կան անձինք (Սասնա ծռերից), որոնք պետք է գտնվեն վերակենդանացման բաժանմունքում։ 7 անձ վիրահատության կարիք ունի», – ասել է Պետրոսյանը։

Նա նշել է, որ իրենք պատրաստվում են բողոքներ ու դիմումներ ներկայացնել։

Անդրադառնալով «Սասնա ծռերից» Պավել Մանուկյանի առողջական վիճակին՝ Պետրոսյանը նշել է, որ նրան վիրահատել են ուրբաթ, իսկ արդեն երկուշաբթի դադարեցվել է բուժանձնակամզի հերթապահությունը․ «Սա խոշտանգում և խայտառակություն է։ Այստեղ կա քաղաքական որոշում»։

Պետրոսյանն անդրադարձել է նաև իր պաշտպանյալներ՝ Պավել Մանուկյանի և Մխիթար Ավետիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ իր միջնորդության մերժմանը․ «Պատճառաբանությունն այն է, որ նրանց մեղսագրված են ծանր արարքներ, և ազատության մեջ մնալով՝ նրանք կարող են խոչնդոտել գործի քննությանը։ Մասնավորապես, Պավել Մանուկյանի մասով ասեմ, որ նա որևէ խոչընդոտելու կամ խուսափելու հիմք չունի․ նա ծանր վիճակում է և անգամ դատական նիստի օրը նշանակված էր նրա վիրահատությունը։ Դատական նիստի հետ կապված՝ վիրահատությունը տեղի ունեցավ ուրբաթ օրը»։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում խոշտանգումներ են իրականացվում նաև խմբի մյուս անդամների նկատմամաբ։ Հովհաննես Հարությունյան պաշտպան Արա Ղարագյոզյանի խոսքով միտում կա իր պաշտպանյալին ցավերի մեջ պահելու․ «Հովհաննես Հարությունյանն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նրա նկատմամբ ակնհայտ խոշտանգում են իրականացնում և պատշաճ օգնություն ցույց չեն տալիս։ Երեկ երեկոյան բժիշկները նրա մոտ չեն եղել, և նա այնքան վատ է եղել, որ անգամ դռան վրա իրեր է շպրտել, որ նրան օգնություն ցույց տան։ Հարությունյանը ոտքի մատները չի կարողանաում շարժել և նրան վիրահատություն է պետք, բայց ասում են՝ դեռ ժամանակը չէ։ Միտում կա նրան ցավերի մեջ պահելու, դա անմարդկային է։ Նրան այցելելու են «Կարմիր Խաչ»-ի գրասենյակից»։

Ասուլիսի մասնակից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ մտնելուց հետո 14 օրերի ընթացքում ձերբակալել են 770 քաղաքացիների, սակայն «առնվազն 300 ոստիկանի նկատմամբ պետք է հետապնդում լիներ»։

«ՀՔԾ-ի կողմից չի երևում այն ջանքը, որ ոստիկաններին ձերբակալեն։ Ընտրողական արդարադատություն կա, և սա միտում է, որ քրեական պատասխանատվությունից զերծ պահեն ապօրինություններ ցույց տված բարձրաստիճան ոստիկաններին», ֊ նշել է իրավապաշտպանը։

Նա նշել է, որ քաղաքացիներից շատերին համոզում են, որ բողոքներ չգրեն ոստիկանների դեմ։ «Քաղաքացիների, նրանց ծնողների հետ չակերտավոր բացատրական աշխատանքներ են տանում, որ չբողոքեն։ Անվստահություն են սերմանում, որ ոչ մի բան չի փոխվի, ձեր կյանքը կբարդացրեք», – ասել է Սաքունցը։