Home / Հայաստան / «Սասնա ծռեր» խմբի երկու անդամների հայրը պատրաստ է բանակցություններում միջնորդ լինել

«Սասնա ծռեր» խմբի երկու անդամների հայրը պատրաստ է բանակցություններում միջնորդ լինել

Հուլիսի 17-ին Էրեբունի համայնքում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն առաջարկել է իր միջնորդությունը խմբի հետ բանակցությունները վերսկսելու համար:

Նա այս մասին հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Կյուրեղյանը նշել է, որ, վերջին իրադարձությունները վերլուծելով, հասկանալի է դառնում, որ այն, ինչ կատարվում է, կարող է վտանգավոր փուլ մտնել, ուստի խնդիրը պետք է քաղաքական հարթակ տեղափոխել և վերսկսել բանակցային պրոցեսը: Նշենք, որ բանակցային գործընթացը փակուղի էր մտել, երբ «Սասնա ծռեր» խումբը հրաժարվել էր Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդությունից: Վերջինս մամուլին ասել էր, թե «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես դա անում խմբի անդամները, սակայն հետագայում Սեֆիլյանն ասել էր, թե Բալասանյանի հայտարարությունը սուտ է:

Կյուրեղյանի խոսքով՝ պետք է գտնել բոլոր տարբերակները հարցը խաղաղ և առանց արյան լուծելու համար:

«Այս հարցում ես ինձ ամենաշահագրգիռ անձն եմ համարում՝ և՛ որպես Կյուրեղյանների հայր, և՛ որպես քաղաքացի: Այդ հարցը լուծելու համար առաջարկում եմ իմ օժանդակությունն ու միջնորդությունը, որ բանակցությունները վերսկսվեն: Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, ամեն ինչ տալ, որ այս հարցը լուծվի առանց բախումների և առանց մի կաթիլ արյուն թափվելու»,- ասել է նա:

Արմենակ Կյուրեղյանը նշել է, որ ինքը կարող է «Սասնա ծռեր» խմբի, Ժիրայր Սեֆիլյանի և իշխանությունների հետ հանդիպել ու քննարկել խնդիրը:

Արդեն իսկ Կյուրեղյանի ասուլիսից հետո հայտնի է դարձել, որ իրավապահների արձակած գնդակից վիրավորվել է «Սասնա ծռեր» խմբի ևս մեկ անդամ Արայիկ Խանդոյանը: