Home / Հայաստան / Ոստիկանությունը սպառնում է դադարեցնել Խորենացի փողոցի հավաքը (թարմացված)

Ոստիկանությունը սպառնում է դադարեցնել Խորենացի փողոցի հավաքը (թարմացված)

ՀՀ ոստիկանությունը վստահ է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ, որում սպառնում են դադարեցնել ամեն օր Խորենացի փողոցում անցկացվող հավաքները:

«ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա զինված հարձակմանը հաջորդող օրվանից Երևանի Խորենացի փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարևանությամբ կազմակերպվել են տարաբնույթ հավաքներ, որոնք կրել են չիրազեկված բնույթ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 20-ի հավաքի ընթացքում մի խումբ անձինք ակնհայտ ագրեսիվ նախատրամադրվածությամբ, իրենց հետ նախապես բերվածքարերով և այլ առարկաներով հարձակվել են ծառայություն իրականացնող ոստիկանների վրա, հարվածներ հասցրել նրանց, փորձել են խլել հատուկ հանդերձանքը, ինչի հետևանքով տուժել են շուրջ հինգ տասնյակ անձինք:

ՀՀ ոստիկանությունն անկարգությունները, այդ թվում՝ մարդկանցկյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար հարկադրված է եղել կիրառելու հատուկ միջոցներ: Բացի այդ, ՊՊԾ գնդի տարածքի վրա զինված հարձակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել հավաստի տվյալներ առ այն, որ զինված խմբի անդամներն անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող անձանց՝ կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող հանցավոր գործողություններ…

…Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով: Ուստի, ՀՀ ոստիկանությունը պահանջումէ հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը: Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը», – ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրությունն է տարածել՝ նշելով, որ «ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ:պատրաստ է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել» ՊՊԾ գունդը գրավածների դեմ: 

«Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն…

…Լավատեղյակ լինելով հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին, զգուշացնում ենք, որ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով», – մասնավորապես, ասված է ԱԱԾ-ի հայտարարության մեջ: