Home / Հայաստան / «Սերժ Սարգսյանը թող սկսի մտածել իր հեռանալու ձևի մասին». երթից հետո մարդիկ վերդարձան Խորենացի

«Սերժ Սարգսյանը թող սկսի մտածել իր հեռանալու ձևի մասին». երթից հետո մարդիկ վերդարձան Խորենացի

Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին աջակցող հազարավոր քաղաքացիներ երթ են անցկացրել Երևանի կենտրոնական փողոցներում, ապա վերադարձել Խորենացի փողոց: Քաղաքացիներին համակարգող խմբի անդամները իշխանություններին մինչև առավոտվա ժամը 09:00 ժամանակ են տվել՝ «Սասնա ծռերի» անդամներին սնունդով ապահովելու համար:

Համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանն իր ելույթում նշել է, որ առավոտյան քաղաքացիները սնունդ կբերեն Խորենացի փողոց, որպեսզի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այն փոխանցի ՊՊԾ գնդում գտնվողներին:

«Բայց քանի որ խնդիրն շատ ավելի մեծ է, այստեղ հավաքված տասնայկ հազարավոր մարդկանցով հոդորում ենք Սերժ Սարգսյանին լրջորեն մտածել իր ապագա քայլերի մասին, որոնք կարող են բացառապես բերել Հայաստանի ազատագրմանը՝ ներքին ու արտաքին առումով: Ինքն արդեն թող սկսի մտածել իր լավագույն հեռացման ձևի մասին: Վաղն առավոտյան կբերենք ամեն տեսակի սնունդ, և ամենաուշը 09:00-ին պետք է սնունդի հարցը լուծված լինի, իսկ երեկոյան նորից հավաքվելու ենք այստեղ՝ հետագա քայլերը որոելու համար»:

00:40-ի դրությամբ մարդկանց մի մասը հեռացավ Խորենացի փողոցից, սակայն այնտեղ դեռևս շարունակում են հարյուրավոր քաղաքացիներ մնալ: Նրանք պարբերաբար վանկարկում են «Սասնա ծռեր», իսկ վանկարկումներին ի պատասխան, ՊՊԾ գնդի տարածքից ողջույնի կրակոցներ են լսվում: