Home / Հայաստան / Որ պայմանով «Սասնա ծռերի» անդամներին բուժօգնությունը կտրամադրեն. «ՀԺ»

Որ պայմանով «Սասնա ծռերի» անդամներին բուժօգնությունը կտրամադրեն. «ՀԺ»

Վերջին պատանդի ազատ արձակումից հետո շտապօգնությունը այլևս «Սասնա ծռերին» բուժօգնություն կտրամադրի միայն չեզոք գոտում և այն դեպքում, եթե խմբի անդամները զինված չլինեն: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է  «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա պատճառաբանել է, որ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի հսկողության տակ գտնվող տարածքում շուրջօրյա բուժօգնությունը դադարեցնելը պայմանավորված է բուժաշխատակիցներին սպառնացող վտանգով. Ստեփանյանը նշել է, որ շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռերը» օդ են կրակել:

«Բուժօգնությունը միայն չեզոք գոտում տրամադրելու որոշում կայացնել ստիպեց նախ և առաջ վտանգը։ Լսել եմ, որ կրակոցներ են եղել օդ… ինչ-որ գործողություններ են կատարվում, որոնց արդեն ես չեմ կարող ոչ մի բացատրություն տալ, դրա համար էլ վտանգի տակ դնել մարդկանց կյանքը և այլն… Իրենք էլի պատրաստ են բուժօգնություն ցուցաբերել, բայց ինչ պարտադիր է հենց ներսում դա անել, թող չեզոք գոտում լինի, որտեղ «Սասնա ծռեր» խմբի անդամները ազատ ելումուտ ունեն»,- ասաց Թագուհի Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է շտապօգնության ավտոմեքենային, ապստամբները, ըստ նրա, այն դուրս են հանել գնդի տարածքից կիրակի: Թերթը նշում է, որ ստացվում է՝ շաբաթ օրը, երբ «Սասնա ծռերն» ազատ է արձակել վերջին երկու պատանդ բարձրաստիճան ոստիկաններին, շտապօգնության աշխատակիցները նույնպես հեռացել են տարածքից, ինչից հետո խմբի անդամները ազատվել են նաեւ նրանց ավտոմեքենայից։