Home / Տեսանյութեր / «Սասնա ծռերի» անդամները ոստիկանական մեքենա են այրել

«Սասնա ծռերի» անդամները ոստիկանական մեքենա են այրել

Էրեբունի համայնքում գտնվող ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի ադնամներն այսօր երեկոյան ի նշան բողոքի ոստիկանական մեքենա են այրել: Այս մասին Խորենացի փողոցում կայացած հավաքի ժամանակ հայտարարել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Խմբավորման անդամները փոխանցել են, որ բողոքում են, քանի որ ՊՊԾ գնդում գտնվող վիրավորին բուժօգնություն չի ցուցաբերվում, իշխանություններն անջատել են տարածքի էլեկտրականությունը և նրանց 22 ժամ սնունդ չի տրամադրվում:

Ենիգոմշյանը ելույթի ժամանակ կոչ է արել նաև ոստիկաններին չենթարկվել ապօրինի հրամաններին և ձեռք չբարձրացնել սեփական ժողովրդի վրա։

Ավելի ուշ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հաստատել է մեքենան այրելու տեղեկությունը և լուսանկարներ է հրապարակել:

«ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: Իրավապահ մարմիններըկրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ», – ասված է ոստիկանության տարածած հաղորդագրոսւթյան մեջ:

Խմբի ադնամ Վարուժան Ավետիսյանը Lragir.am-ին փոխանցել է, որ, բացի մեքենան այրելուց, «Սասնա ծռերի» ներկայացուցիչներից Արայիկ Խանդոյանն անօդաչու թռչող սարք է գցել, որը ոստիկանությունն ուղարկել էր գնդի տարածք դիտարկման համար: