Home / Տեսանյութեր / Ծանր հիվանդ կալանավորը հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվել․ դիտորդ

Ծանր հիվանդ կալանավորը հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվել․ դիտորդ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներն այսօր ծանր հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանին բռնությամբ և նրա կամքին հակառակ փորձել են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Գևորգյանը հանդիմացել է, և նրան թողել են «Նուբարաշենում»։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը։

«Հրաչը այնտեղ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելուն դեմ է, ինքը վախենում է, որ նույն պատմությունը կկրկնվի։ Իր խոսքով՝ իրեն արդեն մեկ անգամ թունավորել են, ինչի հետևանքով նա կորցրել է քայլելու և խոսելու ունակությունը», – ասել է Վեզիրյանը։

Դիտորդը նշել է, որ, ըստ Նուբարաշենի ՔԿՀ-ի տվյալների, կալանավորից գրավոր դիմում են վերցրել՝ համաձայն որի վերջինս հրաժարվում է մեկնել հերթական ստուգման և Գևորգյանին թողել են բանտի հիվանդանոցում։

Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։ Համապատասխան բուժում ստանալու համար կալանավորը մի քանի անգամ հացադուլ է հայտարարել, սակայն մինչև այսօր նրա վիճակը մնում է անփոփոխ։ Նշենք, որ հուլիսի 7-ին Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Գևորգյանին 8 տարով ազատազրկելու առաջին ատյանի դատարանի վճիռ։