Home / Տեսանյութեր / Դատավորի «տված» կացինը, հարևանների անտարբերությունը՝ սպանության պատճառ․ ակցիա

Դատավորի «տված» կացինը, հարևանների անտարբերությունը՝ սպանության պատճառ․ ակցիա

Արյունոտ կացին՝ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի բակում։ Այսօր առավոտյան բողոքի ակցիա անցկացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ, ովքեր դատարանի մոտ էին բերել այդ կացինը, պնդում են՝ այն Շենգավիթի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանն է «տվել» հուլիսի 8-ին Երևանում դաժան սպանություն կատարած Վլադիկ Մարտիրոսյանին։ Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ Բաղդասարյանը հեռացվի իր պաշտոնից։ Դատավորը Մարտիրոսյանին կնոջը բռնության ենթարկելու համար դատապարտել էր 6 ամսվա ազատազրկման, որը վճռել էր պայմանականորեն չկիրառել։ Մարտիրոսյանը հուլիսի 8-ին հարձակվել էր նախկին կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի և նրա ծնողների վրա, կացնահարել նրանց, որի հետևանքով Մանսուրյանի մայրը մահացել էր, իսկ կինն ու հայրը վնասվածքներով հայտնվել են հիվանդանոցում։

«Ակցիան կազմակերպել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, և մեր նպատակն է, որ Նելլի Բաղդասարյանը տեսնի՝ մենք տեսնում, ճանաչում դատապարտում ենք նրա խտրական մոտեցումը դատական վճիռներ անելիս։ Նրա կամայական վճիռները հանգեցրել են մի վիճակի, որը բերել է սպանության ելքով հանցագործության», – Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ իրենց կազմակերպությունը դատարանին է հանձնել նաև մի հայտարարություն, որով Արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահության հարցերի հանձնաժողովից պահանջում են կարգապահական վարույթ իրականացնել դատավոր Բաղդասարյանի նկատմամբ։ Հովհաննիսյանի խոսքով՝ նման դեպքերի պատճառն այն է, որ արդարադատության համակարգում ընտանեկան այդպիսի վեճերին նայում են մատների արանքով․ «Ասում են՝ գնացեք֊հաշտվեք և պատիժ չեն կիրառում բռնություն գործադրած մարդու նկատմամբ։ Սակայն այլ դեպքերում, երբ մարդը հանցագործություն չի գործել նրանց իզոլացնում են»։

Դատարանի մոտ ակցիայի մասնակիցները պահել են «Դուք որոշում եք, մենք մահանում», «Անարդարադատության համակարգ», «Հեռացնել ոճրագործ Նելլի Բաղդասարյանին», «Ձեր վատ աշխատանքը կյանքեր է խլում», «Իրավունք ունենք հարգանքի, այլ ոչ ծեծի», «Հարևանիս սպանում են, ինձ ինչ», «Լուռ անտարբերություն» գրություններով պաստառներ։ Դրանցից մի քանիսը փակցրել են դատարանի շենքի պատերին, սակայն կարգադրիչները պատռել են դրանք՝ պնդելով, որ վարչական շենքի տարածքում չի կարելի պաստառներ փակցնել։ Բողոքողները մնացած պաստառներով շարժվել են դեպի Մանսուրյանների տուն, որտեղ էլ հուլիսի 8-ին տեղի էր ունեցել դեպքը։

Մանսուրյանների թաղամասում հավաքված մարդիկ հետաքրքրված մոտենում էին քայլերթի մասնակիցներին՝ պարզելու պաստառների բովանդակությունը և երթի պատճառը։ Հարցնողների մեծամասնությունն անտեղյակ էր, թե ինչ է տեղի ունցել օրեր առաջ իրենց հարևանությամբ՝ մի քանի շենք այն կողմ։ Ակցիայի մասնակիցները նրանց բաժանում էին «Եթե արժանի ես վարդի, արժանի ես նաև հարգանքի» գրություններով թռուցիկներ։

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ի ներկայացուցիչ Տաթևիկ Աղաբեկյանն ասել է լրագրողներինին, որ սպանության օրը հարևանները լսել էին կացնահարվողների աղաղակները և օգնության ճիչերը, սակայն ոչ մեկը օգնություն ցույց չի տվել․ «Հարևաններից ոչ մեկը դուրս չի եղել, միայն վերջում հարևաններից մի կին է դուրս եկել ու երեխային վերցրել։ Ինչքան որ մենք գիտենք, հետո այդ կնոջ ամուսինը մարդասպանին ասել է՝ լավ-լավ, դու գնա այստեղից, մենք մի բան կանենք։ Այսինքն՝ էդ պահին անգամ իրենք մտածել են՝ ճանապարհենք, թող գնա էս տղեն, մենք մի բան կանենք։ Բայց որ միանշանակ ոչ մեկը չի օգնել, դա փաստ է։ Ոչ մեկը ոստիկանություն չի զանգել, Թագուհու հայրն է ոստիկանություն զանգել։ Եվ եկել են ոստիկանության այն նույն աշխատակիցները, որոնք մի քանի րոպե առաջ Թագուհուն և մորը հետ էին բերել հարցաքննությունից։ Բայց անհնար է, որ հարևանները լսած չլինեին ձայները, պատկերացնու՞մ եք ինչ սարսափելի ձայներ են լսվել»։

Մանսուրյանների դռան առաջ ակցիայի մասնակիցները մոմավառություն կազմկերպեցին, որին չմիացան Մանսուրյանների հարևանները։ Մանսուրյանների բնակարանի հարևան դուռը բացվեց բավական ուշ, միջին տարիքի մի կին ասաց՝ լսել է ձայներ, սակայն չի զանգել ոստիկանություն․ «Դե իրենք արդեն զանգել էին»։

Շենքի մոտ գտնվող խանութի վաճառողուհին էլ այն հարցին, թե չի կարծում, որ հարևանների օգնությունը կարող էր փրկել սպանված կնոջ կյանքը, ասել է՝ ուրեմն հասցրել է, պատճառ կար։

Վերջում ակցիայի մասնակիցները Մանսուրյանների բնակարանի մուտքի պատերին թողեցին գրություններ՝ «Աղջկան պաշտպանած մայր», «Պետք կգա՝ 1-02, 1-03»՝ նշելով, որ ուզում են հարևաններին հիշեցնել՝ նման դեպքերում մարդկանց հարկավոր է օգնել, ոչ թե լուռ մասնակիցը դառնալ մարդասպանությանը։