Home / Հայաստան / ԱԺ֊ի մոտ պահանջել են Ռուսաստանին չհանձնել հակաօդային պաշտպանությունը

ԱԺ֊ի մոտ պահանջել են Ռուսաստանին չհանձնել հակաօդային պաշտպանությունը

Նախապատերազմական շրջանում Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) վերաբերյալ համաձայնագիր կնքելը դավաճանություն է։ Այսօր Ազգային ժողովի դիմաց Հայաստանի և ՌԴ֊ի միջև կնքվելիք ՀՕՊ համաձայնագրի դեմ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը։

Մի քանի քաղաքացիներ հայտարարել են, որ այսօրվանից Ազգային ժողովի դիմաց անժամկետ նստացույց են սկսում։ Հավաքվածները պահանջում են չընդունել ԱԺ արտահերթ նիստի օրակարգ ընդգրկված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։ Ըստ համաձայնագրի, ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից: Այսօր համաձայնագրի դեմ հայտարարությամբ հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցությունը՝ նշելով, որ այն վավերացնելու դեպքւոմ խաղաղ կամ պատերազմական իրավիճակում «Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանությանը վերաբերող հարցերում (Հայաստանի և Արցախի ՀՕՊ-երը կազմում եմ մեկ ընդհանուր համակարգ) որոշումներն, ըստ էության, կայացնելու է Ռուսաստանը»:

Իր կուսակցության դիրքորոշումն Ազգային ժողովի դարպասների մոտ բարձրաձայնել է Սանասարյանը․ «Նախապատերազմական շրջանում նման համաձայնագիր կնքելը, և Հայաստանի ինքնիշխանության կարևոր ատրիբուտներից մեկը, ուղղակիորեն, իբր դաշնակցային պետությանը զիջելը՝ դավաճանություն է։ Համոզված եղեք, որ հետագայում Ռուսաստանը թույլ չի տալու Հայաստանի հակօդային պաշտպանությանը մասնակցել Արցախի օդային պաշտպանությանը։ Պատերազմի դեպքում Ադրբեջանն ուղղակիորեն խփելու է Արցախին, և ոչ թե ՀՀ սահմաններին, որ հանկարծ Ռուսաստանին վատ վիճակի մեջ չդնի»։

Ակցիայի մասնակիցներից Վարդան Գերավետյանն իր ելույթում նշել է՝ պատմությունը ցույց է տվել, որ գերտերությունների տված երաշխիքները ծանր հետևանքներ են ունենում։

«Ժամանակին Ուկրաինային ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը երաշխիքներ տվեցին, որ նրա սահմանները անձեռնամխելի կմնան Սովտեական միության սահմանների ներքո, եթե Ոկրաինան Ռուսաստանին հանձնի միջուկային զենքը։ Ուկրաինան հանձնեց զենքը, և մենք այսօր տեսնում ենք անջատված Ղրիմ, Լուգանսկի ու Դոնեցկի խնդիրներ։ Այսինքն՝ չկան հավերժ պայմանագրեր, կան ազգային շահեր։ Փաստն այն է, որ մեծ պետությունները երաշխիք տվեցին, և այսօր Ուկրաինան զրկվեց իր տարածքների մի մասից», – ասել է Գերավետյանը։

Ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ցույցի մասնակիցներից մեկի և ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև։ Armtimes.com կայքի փոխանցմամբ, պատգամավորը մոտեցել է ցուցարարներին, նրա և ակցիայի մասնակիցների մեկի միջև բանավեճ է սկսվել։ Վեճը թեժացել է, Բագրատյանն ու քաղաքացին միմյանց «սադրիչ են» անվանել, քաշքշել, որից հետո քաղաքացին շշով հարվածել է Բագրատյանի դեմքին: Ոստիկանները քաղաքացուն անմիջապես հեռացրել են տարածքից և բերման ենթարկել: Կայքի հավաստմամաբ՝ Բագրատյանն անընդհատ կրկնել է, որ ինքը դեմ է ՀՕՊ համաձայնագրին։