2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ժիրայր Սեֆիլյանին փորձելու են մեկուսացնել հասարակությունից․ փաստաբան

Հունիսի 20-ին ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Հիմնադիր խորհրդարան» շարժման համակարգող, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանին մինչև վաղը պետք է մեղադրանք առաջադրվի և լուծվի նրա խափանման միջոցի հարցը։

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններից Գևորգ Դավթյանը։ Վերջինս կարծիք է հայտնել, որ մինչև վաղը Սեֆիլյանին կկալանավորեն․ «Փորձելու են Ժիրայր Սեֆիլյանին մեկուսացնել հասարակությունից»։

Դավթյանի խոսքով՝ մինչև այսօր անցկացվել է հարցաքննություն և առերեսում։

«Այս պահին մենք միջնորդել ենք, որ գործին առնչվող նյութերը, որոնք վերաբերվում են Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ արձանագրություններին, վարույթն իրականացնող մարմինը մեզ տրամադրի, որ կարողանանք հետագա ընթացքը կազմակերպենք»։

Նշենք, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ Պաշտոնական վարկածի համաձայն, Սեֆիլյանն է կազմակերպել մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ինքը՝ Սեֆիլյանը, և «Նոր Հայաստան» շարժման անդամները հայտարարել են, որ ձերբակալությունը քաղաքական հետապնդում է։