Home / Հայաստան / DIY պայթեցումից 4 տարի անց Սերժ Սարգսյանը ցավակցեց ամերիկյան գեյ ակումբի ոճրագործության հետ կապված

DIY պայթեցումից 4 տարի անց Սերժ Սարգսյանը ցավակցեց ամերիկյան գեյ ակումբի ոճրագործության հետ կապված

ՀՀ նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ցավակցել է Բարաք Օբամային Օռլանդո քաղաքի գեյ ակումբում տեղի ունեցած ոճրագործության հետ կապված։ 4 տարի առաջ ՀՀԿ֊ի խոսնակն արդարացնում էր Երևանի կենտրոնում գտնվող DIY բարի պայթեցումն ազգայնականների կողմից։

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

«Նախագահը խստորեն դատապարտել է անհանդուրժողականության այս զարհուրելի երևույթը և ընդգծել, որ բարեկամ ամերիկացի ժողովրդին պատուհասած այդ դժբախտությունը կրկին ապացուցեց, որ ատելության բոլոր դրսևորումները, որոնց հաղթահարումը բոլորի հավաքական պարտքն ու առաքելությունն է, նույնիսկ 21-րդ դարում շարունակում են մնալ լրջագույն մարտահրավեր մարդկության համար», ֊ ասել է Սերժ Սարգսյանը:

Հունիսի 12-ին ամերիկյան Օռլանդո քաղաքի գեյ֊ակումբի վրա հարձակում է գործել 29-ամյա Օմար Մատինը, ով պատանդներ է վերցրել, ապա կրակահերթեր արձակել, որի հետևանքով զոհվել է առնվազն 50, վիրավորվել է 53 մարդ։ Մատինը հարձակումից առաջ զանգահարել է 911 ծառայություն, և հայտնել է, որ ինքն աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։

4 տարի առաջ՝ 2012 թվականի մայիսին, երբ Երևանի կենտրոնում գտնվող DIY բարը պայթեցրել էին ազգայնականներ Արամեհ և Համբիկ Խաբազյանները, ՀՀԿ մամուլի խոսնակ, ներկայում Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն աջակցել էր վերջիններիս՝ ասելով, որ բոլոր նրանք, ովքեր «փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը»:

Եղբայրներից մեկին ազատել էին ստորագրության դիմաց, մյուսի համար մեկ միլիոն դրամ գրավ էր վճարվել, իսկ նրա երաշխավորներն էին այն ժամանակ ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Արծվիկ Մինասյանը 2016 թվականի փետրվարին նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Մինասյանը, խոսելով, եղբայրների արարքի մասին, համոզմունք էր հայտնել, որ «այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով»:

DIY-ն աշխատեցնում էր «Պինցետ» փանք խմբի մենակատար Ծոմակը, ով նշում էր, որ իր ակումբը բաց է «ամեն տեսակ մարդկանց համար»։ Բարի պայթեցումից հետո նրան շարունակում էին սպառնալ, դեպքից հետո նա որոշում կայացրեց արտագաղթել։ Եղբայրները դատապարտվեցին 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի՝ ոչ մի օր չանցկացնելով բանտում: