Home / Հայաստան / Շաքարի մենաշնորհը․ երբ օլիգարխը ՀՀ կառավարությունից հզոր է․ «ՀԺ»

Շաքարի մենաշնորհը․ երբ օլիգարխը ՀՀ կառավարությունից հզոր է․ «ՀԺ»

Շաքարավազի շուկայում եղած մենաշնորհը Կառավարության կողմից հնարավոր է սահմանվի օրենքով, քանի որ մոնոպոլիաները և օլիգոպոլիաները հովանավորվում են իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ այդ ոլորտին օրենքով մենաշնորհ տալն ակնհայտ է դարձել երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի՝ լրագրողների հետ զրույցի բովանդակությունից։

Վերջինս նշել է, որ չի բացառվում, որ շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհ տրվի և այդ դեպքում պետք է լրացուցիչ պարտավորություններ առաջադրել մոնոպոլիստին․ «Պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, պետք է ապահովես նվազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետբյուջեի մուտքեր, պետք է ապահովես թափանցիկություն»։

Թերթը գրում է, որ մենաշնորհների օրինականացման հեռանկարը քննելով՝ արդեն իսկ Կառավարությունը ընդունում է, որ շաքարի մոնոպոլիան ջարդել հնարավոր չէ։

«Որովհետև մի օլիգարխ՝ Լֆիկ Սամո (ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյան ֊ Epress.am) մականունով ավելի հզոր է, քան ՀՀ կառավարությունը։ Հզոր է շնորհիվ իր անթաքույց հովանավորի՝ Սերժ Սարգսյանի․․․ պաշտոնյաները հայտարարում են մոնոպոլիաների դեմ պայքար, որին հաջորդում է «պայքարի» տրամաբանական հանգրվանը՝ մոնոպոլիաները սահմանվում են օրենքով»։

Հայաստանում շաքարը, նշում է «ՀԺ»-ն, վաճառվում է միայն մենաշնորհ ունենալու շնորհիվ, իսկ Արծվիկ Մինասյանի «հիմնավորումները», թե մենաշնորհը օրենքով սահմանելու դեպքում պետք է լրացուցիչ պարտավորություններ առաջադրել մոնոպոլիստին, ուղղակի ուտոպիա է։

«Ինչպե՞ս կարող են պարտադրել իր հզորության 20-30 տոկսով աշխատող գործարանին՝ աշխատել առնվազն 90 տոկոս հզորությամբ… Անցած տարի Հայաստան է ներկրվել 61 հազար տոննա շաքար, որից 56 հազարը բերել է հենց Լֆիկ Սամոն, իսկ մնացածն այլ տնտեսվարողները, որոնք իրենց արտադրության մեջ շաքար են օգտոգործում։ Կառավարությունում ոչ մեկի մտքով չի՞ անցել, թե այդ ինչու իրենց արտադրության մեջ շաքար օգտագործող մի քանի ընկերություններ նախընտրում են գնել ոչ թե Լֆիկի շաքարի գործարանի արտադրանքը, այլ գնալ «թանկուկրակ» եվրոպաներից փոքր խմբաքանակներով ներկրել․․․ ուրեմն մեր մոնոպոլիաների արտադրանքը թանկ է, կամ անորակ, կամ էլ երկուսն էլ միասին», -գրում է «ՀԺ»-ն։

Հոդված ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում