Home / Տեսանյութեր / Քաղցրաշենի խաբված խաղողագործները սպառնում են ծայրահեղ քայլերի դիմել

Քաղցրաշենի խաբված խաղողագործները սպառնում են ծայրահեղ քայլերի դիմել

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործներն այսօր Կառավարության մոտ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում էին նախորդ տարի իրացրած խաղողի դիմաց չվճարված իրենց գումարները։ Խաղողագործները բողոքում էին, որ մեկ տարի է իրենց խաբում են և, ամեն անգամ տարբեր ժամկետներում խոստանում են տալ իրացված խաղողի գումարները, սակայն մինչև օրս նրանցից մի մասին «Վինար» գործարանը «ոչ մի կոպեկ չի վճարել»։

«Ես էլ չեմ մշակելու բերքը, ավելի լավա չորանա, ես էլ չտանջվեմ, քան բերեմ սրանք ուտեն։ Ինձ 600 հազար դրամի պարտք ունեն, որից ոչ մի կոպեկ չեն վճարել մինչև հիմա։ Ամեն անգամ խաբում, ասում են՝ մի ամսից, 2 ամսից։ Վերջին անգամ էլ ասել էին, որ մայիսի 10-ին կտանք բոլորի գումարները, բայց արդեն ամիսը վերջացավ ու նորից ոչ մի կոպեկ չեն տվել։ Իրանք սաղ օրը եսիմ ինչեր են ուտում, իսկ մենք ի՞նչ ուտենք, մի ցամաք հաց էլ չեն թողում, որ ուտենք»,- Epress.am -ի հետ զրույցում ասել է քաղցրաշենցի Նունուֆար Հովհաննիսյանը։

Խաղողագործ 75 ամյա Գրիշա Մկրտչյանը նույնպես չի պատրաստվում այս տարի խաղող մշակել։ Նրան Քաղցրաշենի «Վինար» գինու գործարանը 400 հազար դրամ է պարտք։

Նրա խոսքով՝ նման պայմաններում իրենք արդեն պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի։

«Եթե սենց ա լինելու, ավելի լավա անասունին բրախեմ այգիների մեջ, թող լրիվ բերքը ուտի, քան տամ սրանց։ Մենք արդեն ամեն քայլի էլ պատրաստ ենք դիմել, թեկուզ ոստիկանները մեզ ծեծեն, թե մենք նրանց ծեծենք, մեկ է պայքարելու ենք, որ տան մեր գումարները։ Մենք անգամ 3 օր դպրոցն էինք փակել Քաղցրաշենում, բայց ոչ մի շարժ չկա, մենակ սուտ խոստումներ են տվել մինչև հիմա»,- ասել է Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել ՀՀ կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ։ Գյուղացիների հավաստմամբ՝ գործարանի տնօրինությունից իրենց ասել էին, թե գումարները կտան 2016 թվականի՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Քաղցրաշենում խաղողը մթերել էր «Վինար» գործարանը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է։