Home / Հայաստան / ԱԺ-ն օրենքով անդրադարձավ առաջնագիծ մեկնող կամավորների իրավունքներին

ԱԺ-ն օրենքով անդրադարձավ առաջնագիծ մեկնող կամավորների իրավունքներին

ԱԺ արտահերթ նիստում այսօր 106 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կկարգավորվեն Լեռնային Ղարաբաղի առաջնագիծ մեկնած կամավորների աշխատանքային հարցերը:

Օրենսդրական փոփոխությունների հեղինակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ օրենքով նախատեսվում է Աշխատանքային օրենսգրքում կամավորականների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղերի պահպանում և վարձատրության կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գորոծղությունների մասնակցելու ժամանակահատվածում:

Նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նշել է, որ այն բազմաթիվ բացթողումներ ունի։ Նա, մասնավորապես, մատնանշել է օրենքի երկրորդ կետի այն հատվածը, որտեղ նշված է, որ վարձատրության սկզբունքը որոշվում է կողմերի համաձայնությամբ, սակայն պարզ չէ, թե ի՞նչ է լինում, եթե կողմերը չեն համաձայնվում․ «Հետո կասեք` բան ենք անում, դեմ եք։ Չի կարելի է այս տեսքով օրենք ընդունել»:

Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ Արտեմ Ասատրյանը պարզաբանել է, որ կողմերի համաձայնությունը վերաբերում է բացառապես աշխատանքի վարձատրությանը․ «Հնարավոր է, որ գործատուն մի աշխատող ունի, և նա որպես կամավորական է մեկնել և պարտադրել այդ գործատուին, որ աշխատանքի վարձատրությունը պահպանի այդ ժամանակահատվածում, դա կարող է անհամաչափ բեռ ավելացնել գործատուի համար: Դրա համար ամրագրված է՝ կողմերի համաձայնությամբ, և պետք է կոլեկտիվ պայմանագրով որոշվի, ինչը նշանակում է, որ, առաջին հերթին, գործատուն համաձայնում է, որ կպահպանի վարձատրությունը»։

Իր հերթին, Հրանտ Բագրատյանը նշել է, որ նման կերպ օրենք գրելը պարզապես անթույլատրելի է. «Պարոն Ասատրյան, իմ լավ բարեկամ, Դուք այդտեղից հանպատրաստի խոսում եք, բայց ես օրենքն եմ կարդում, այսպես չի կարելի օրենքը գրել` իմ խորին համոզմամբ: Ավելի հեշտ ձև կար այս ամենը կարգավորելու»:

Նշենք, որ օրենքի նախագիծը մշակվել է այն բանից հետո, երբ ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում առաջնագիծ մեկնած մի քանի կամավորների ազատել էին աշխատանքից։