Home / Տեսանյութեր / Ազատ գետի համար պայքարող գառնեցուն սպառնացել են գցել մեքենայի տակ

Ազատ գետի համար պայքարող գառնեցուն սպառնացել են գցել մեքենայի տակ

Երեկ՝ մայիսի 22-ին, անծանոթ մի տղամարդ գառնեցի Սահակ Սահակյանին սպառնացել է գցել մեքենայի տակ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գառնի գյուղի բնակիչներից Արուսյակ Այվազյանը, որը, ինչպես և Սահակյանը, պայքարում էր Ազատ գետից Արարատի մարզ ջուր տեղափոխելու ՀՀ կառավարության ծրագրի դեմ։ Նշենք, որ շաբաթ օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Գառնի և հայտարարել, որ Կառավարությունը կչեղարկի ծրագիրը։

«Երեկ Սահակը եկել էր իմ դեղատուն, միասին խոսում էինք, թե ինչքան լավ է, որ գետը փրկեցինք։ Հետո Սահակն ասեց՝ գիտես, ինձ ժամը 19։00-ի սահմաններում Գառնիի ձորում մի տղամարդ ա մոտեցել, ասում ա՝ քեզ խելոք պահի, թե չէ կգցենք մեքենայի տակ, հետո էլ գետը կգցենք։ Ես Սահակին ցույց տվեցի ինձ դեղատանը սպառնացող մարդու նկարը, ասեց, որ շատ նման է։ Մեքենան էր հիշել․ ասեց, որ ռուսական համարանիշով սև ջիպ էր։ Սահակն էլ Արցախյան պատերազմի ազատամարտիկ է, հաշմանդամություն ունի։ Նա շատ բարի անձնավորություն է»,- պատմել է Արուսյակ Այվազյանը։

Կինը նշել է, որ վերջին բողոքի ցույցի օրը՝ մայիսի 21-ին, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղացիների հետ հանդիպումից հետո շրջելիս է եղել գյուղում, նա տեսել է իրեն սպառնացող մարդուն ամբոխի մեջ․ «Ինքը բռնեց ձեռքիցս քաշեց, ես էլ, անկախ ինձանից, կոպտեցի, ձեռքս ազատեցի ու գնացի»։

Գառնեցիները Ազատ գետից ջուրը խողովակներով Արարատի մարզ տեղափոխելու կառավարության ծրագրի դեմ պայքարում են 2014-ից։ Նրանք համոզված են, որ գետի ջուրը ոռոգելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողերը: Վերջինս մայիսի 21-ին գառնեցիների հետ հանդիպման ժամանակ հերքել էր դա։