Home / Տեսանյութեր / ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից հացադուլավոր կալանավորի մասին տեղեկություն է պահանջել

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից հացադուլավոր կալանավորի մասին տեղեկություն է պահանջել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Նուբարաշեն» ՔԿՀ֊ի կալանավոր Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ տրամադրելու համար մինչև մայիսի 29-ը ժամանակ է տվել ՀՀ Կառավարությանը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ապրիլի 25-ից հացադուլի մեջ գտվող առողջական լուրջ խնդիրներ ունեցող Հրաչյա Գևորգյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը։

Փաստաբանը նշել է, որ իրենք միջնորդություն էին ներկայացրել ՄԻԵԴ՝ Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, քանի որ ՔԿՀ ղեկավարությունը կալանավորին համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու և անհրաժեշտ խնամք կազմակերպելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Արդեն 26 օր հացադուլի մեջ գտնվող ծանր հիվանդ կալանավորի վիճակը գնալով վատթարանում է։

«Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է տեղեկություն տրամադրել այն մասին, թե ինչ ընթացք է ստացել ՔԿՀ ղեկավարության ապրիլի 11-ի այն գրությունը, որով թույլատրվել էր կալանավորին տեղափոխել համապատասխան բուժական հաստատություն և համապատասխան օգնություն ցույց տալ: ՄԻԵԴ-ը նաև պահանջել է ներկայացնել Հրաչյա Գևորգյանի բժշկական փաստաթղթերը», – ասել է փաստաբանը։

Տիգրան Սաֆարյանի խոսքով, սակայն, այսօրվա դրությամբ իրավիճակը չի փոխվել․ Գևորգյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է և շարունակում է հացադուլ անել․ «Այս պահին իր հետ մի խցակից կա, ով օգնում է տեղաշարժվելու հարցում, որովհետև եթե ինքը մենակ լինի, ընդհանրապես կդատապարտվի, նա տարրական կարիքները միայնակ չի կարող հոգալ»։

Փաստաբանը նշել է, որ այժմ իրենք գանգատ են պատրաստում ՄԻԵԴ-ին ներկայացնելու համար։

Նշենք, որ Գևորգյանը ապրիլի 25-ից հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ բանտի ադմինիստրացիան զրկում է իրեն պատշաճ բուժօգնությունից։ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։