Home / Հայաստան / Բաքվում ձերբակալվել են NIDA շարժման երկու ակտիվիստներ (թարմացված)

Բաքվում ձերբակալվել են NIDA շարժման երկու ակտիվիստներ (թարմացված)

Մայիսի 11֊ի երեկոյան Ադրբեջանում բերման են ենթարկվել NIDA շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյասեդդին Իբրահիմը, հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ նրանց գտնվելու վայրը չի հաղորդվում: Հայտնի է, որ ձերբակալվածների բնակարաններում խուզարկության հետևանքով իրավապահները ենթադրաբար մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել՝ յուրաքանչյուրի տանը՝ մեկական կիլոգրամ հերոին։

NIDA֊ն, սակայն, երիտասարդների ձերբակալությունը կապում է Բաքվում Հեյդար Ալիևի արձանի վրա հայտնված գրաֆիտիի հետ․ Ալիևի ծննդյան նախօրեին անհայտ անձինք արձանի պատվանդանին թողել էին «Qul bayramınız mübarək!» («Շնորհավոր ստրուկների տոնը») և «Fuck the system!» («Քանդի՛ր համակարգը») գրառումները։

Ոստիկանությունն անարխիստների ձերբակալությունը դեռևս չի մեկնաբանում։

Ավելի ուշ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել «խոշոր թմրավաճառների» ձերբակալության մասին․ «Բայրամ Մամեդովի մոտից առգրավվել է 3 գրամ հերոին։ Նրա բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 1 կիլոգրամ հերոին։ Գիյաս Իբրահիմի մոտ հայտաբերվել է 2,6 գրամ հերոին, իսկ նրա տանը՝ ավելի քան 1 կիլոգրամ»։

Երիտասարդները դատապարտվել են չորս ամսվա նախնական կալանքի․ նրանց սպառնում է 12 տարվա ազատազրկում՝ «թմրամիջոցների ապօրինի շրջանառություն նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կազմում» և «խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն» հոդվածներով։

Մամեդովն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունել՝ հայտարարելով, որ ձերբակալության իրական պատճառը Հեյդար Ալիևի արձանին արված գրաֆիտին է։ Մամեդովի փաստաբանի՝ Էլչին Սադիխովի խոսքով Մամեդովը դատարանում հայտարարել է, թե Բաքվի ոստիկանությունում ու Նարիմանովի շրջանի մեկուսարանում ենթարկվել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի։

Ինքը՝ փաստաբանը, հայտնել է, որ ձերբակալվածներին ստիպել են մաքրել ժամանակավոր պահման մեկուսարանի հատակը։ «Նրանք շատ վախեցած են։ Երբ ես բողոքեցի, ինձ դուրս վռնդեցին՝ չթողնելով զրուցել նրանց հետ», – Turan գործակալությանն ասել է փաստաբանը։

Երիտասարդ ակտիվիստների ընկերների խոսքով՝ իշխանությունները կեղծիքի են դիմել, քանի որ խուլիգանության մասին հոդվածը նախատեսում է 160֊ից 200 ժամ ուղղիչ աշխատանքներ կամ՝ մինչև 1 տարվա ազատազրկում․ «Հաշվի առնելով այն, որ խոսքը վերաբերում է [Հեյդար Ալիևի] արձանի վրա արված գրաֆիտիին, իշխանությունները չէին կարող իրենց նման «մեղմ» պատիժ թույլ տալ։ Այժմ անարխիստների վրա գործ են սարքում այնպիսի հոդվածներով, որոնք նախատեսում են 5֊ից 12 տարվա կալանավորում ու ունեցվածքի առգրավում։ Այս անհեթեթությունը նույնիսկ չեն փորձում խելամտորեն կազմակերպել, ինչը պայմանավորված է իշխանությունների անպատժելիության զգացումով»։