Home / Տեսանյութեր / Վերաքննիչը հաստատեց․ մահացած զինվորի գործը պետք է վերաբացվի

Վերաքննիչը հաստատեց․ մահացած զինվորի գործը պետք է վերաբացվի

Վերաքննիչ դատարանը դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ այսօր մերժել է ՀՀ դատախազության հայցը, որով վերջինս պահաջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի մարտի 18-ի որոշումը։ Այն ժամանակ դատարանը բավարարել էր 2007 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հոր՝ Սուրեն Օհանջանյանի բողոքը, որով վերջինս պահանջել էր վերացնել քննիչի և դատավորի՝ իր որդու մահվան գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը։

Դատավորի նման որոշումը դահլիճում ներկա գտնվող ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների ծնողները ծափերով են դիմավորել` ասելով՝ «վերջապես մի արդար որոշում եղավ»։

Նիստի ավարտից հետո Epress.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի մայրը՝ Գոհար Սարգսյանը (լուսանկարում՝ աջից), ասել է, որ դատավորի այս որոշումը ամեն դեպքում ինչ-որ չափով հույս տվեց իրենց։

«Հույսը վերջինն է մեռնում։ Ես հուսով եմ, որ արդարացի լուծում եմ ստանալու։ Ուզում է տարիներ շարունակվի, ես հասնելու եմ արդարության։ Ես հասնելու եմ նրան, որ մեղավորը պատժվի, դա կլինի գեներալ, հրամանատար, ով կլինի։ Սա սպանություն է , որի հետևում կանգնած է գեներալ Հայկազ Բաղմանյանը։ Նա ու իր թիկնապահներն են սպանել իմ երեխային», – ասել է Օհանջանյանի մայրը։

Առաջին ատյանի որոշումը, ըստ դատախազ Արամ Խաչատրյանի և քննիչ Արսեն Մովսիսյանի, ընդունվել է մրցակցային սկզբունքի խախտմամբ։

«Դատավորը լսել է միայն հայցվոր կողմին, թույլ չի տվել, որ մենք պարզաբանումներ տանք․․․ դատարանի որոշման մեջ նշված է, որ կատարվել է թերի փորձաքննություն, սակայն չի ասված՝ որն է թերի։ Ինչքան հնարավոր փորձաքննություն կա, արվել է, գործով անցնող 40 վկա ենք հարցաքննել», – այսօրվա նիստին հայտարարել է դատախազը։

Վերջինիս խոսքերը դժգոհություն են առաջացրել դահլիճում ներկա գտնվողների շրջանում։

«Բան չունեին ասելու, չեն ասել, հազիվ կմկմում էին (նկատի ունի մարտի 18-ին դատախազի և քննիչի ելույթը-խմբ․)», -ասել է Գոհար Սարգսյանը։

Սուրեն Օհանջանյանը դատավորին է ներկայացրել այն հիմքերը, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ իր որդին ոչ թե էլեկտրահարվել է, ինչպես պնդում է պաշտոնական վարկածը, այլ՝ դաժանորեն սպանվել է։

Օհանջանյանը նշել է, որ որդու շորերը նախաքննության ընթացքում մի քանի անգամ «փոխել են»։

«Ինձ մեկ ցույց են տալիս լրիվ նոր, չպատառոտված շորեր, հետո էլ տեսնում եմ փորձաքննության արդյունքների մեջ գրված է՝ հագուստները պատառոտված են․․․ դեպքի հաջորդ օրը գնացել եմ դեպքի վայր, տեսնեմ ցանկապատված չի էդ տարածքը, նշանակում է, ինչ ուզել էդ մասից վերացրել են, որ հետքերը վերացնեն։ Նորմալ փորձաքննություն չեն արել։ Որդուս մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք դատաբժիշկը չի արձանագրել․․․ տռոսը, որին իբր կպել է որդիս ու էլեկտրահարվել, էդ տռոսը չի ուղարկվել փորձաքննության, այլ քննիչը պահեստից ինչ-որ մի այլ տռոս է ուղարկել», – ասել է Օհանջանյանը։

Քննիչ Մովսիսյանի խոսքով՝ պատմության մեջ դեռ այնպիսի մի դեպք չի եղել, որ դեպքից հետո վայրը ցանկապատեն։ Ինչ վերաբերում է «տռոսի հարցին», ըստ քննիչի, կապ չունի, թե «ինչ տռոս է», փորձագետին հետաքրքրել է միայն ձգալարի ֆիզիկական տվյալները։

Դատավորը նախ զարմանք է հայտնել, թե ինչպես կարող է քննիչը որոշել, թե «Հռոմեական կայսրությունից սկսած» ինչպես են վարվել՝ դեպքի վայրը ցանկապատելու հարցում։

«Ինչ վերաբերում է տռոսին՝ քննի՞չը պետք է որոշի, թե ուղարկված տռոսը իսկական տռոսին նման է, թե ոչ։ Բա որ իսկական տռոսին նման չլինե՞ր», -ասել է դատավորը։

Տիգրան Օհանջանյանի դեպքի մասին՝ այստեղ։