Home / Հայաստան / Զինծառայողները մահացել են բլինդաժի փլվելու հետևանքով․ Hraparak.am

Զինծառայողները մահացել են բլինդաժի փլվելու հետևանքով․ Hraparak.am

Զինծառայողներ Կորյուն Հարությունյանի և Իգոր Հակոբյանի մահվան պատճառը բլինդաժի փլվելն է եղել։ Այս մասին Hraparak.am կայքին ասել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը։ Այդ գյուղից էր ծառայող 19-ամյա Իգոր Հակոբյանը։ Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում։

Կայքի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել, գյուղապետը պատասխանել է. «Արդեն հստակ գիտենք, բլինդաժը փլվել է, տղաները մահացել են»:

Ղուկասյանը նշել է, որ Իգոր Հակոբյանը 8 ամսից կզորացրվեր. «Շատ բարեկիրթ, լավ տղա էր: Իրենք երեք երեխա են, սոցիալապես վատ պայմաններում են ապրում: Մայրն ու հայրը աշխատանք չունեն»։

Մահացած մյուս զինծառայողը` 19-ամյա Կորյուն Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքից էր, 6 ամիս անց պետք է զորացրվեր: Գեղամասարում գյուղացիների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ «բլինդաժը» փլվել է հակառակորդի հարվածից, հենակետում 4 զինծառայող են եղել, որոնցից 2 մահացել են, 2-ը թեթև վնասվածքներ են ստացել, գրում է կայքը:

Դեպքի մասին մայիսի 4-ին կարճ հաղորդագրություն էր տարածել ՀՀ քննչական կոմիտեն․ «03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»։