Home / Հայաստան / «Նաիրիտի» նախկին աշխատակիցներն այլևս չեն հավատում վերագործարկման մասին խոստումներին

«Նաիրիտի» նախկին աշխատակիցներն այլևս չեն հավատում վերագործարկման մասին խոստումներին

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են իրենց վճարել աշխատավարձի ուշացման համար հասանելիք տոկոսները։ Այսօր նրանք բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ բարձրաձայնելով իրենց խնդիրը։ Անցյալ տարի նախկին աշխատակիցների մի մասը հրաժարվել էր տոկոսներից, քանի որ միայն այդ դեպքում էին իրենց խոստացել վճարել 18 ամսվա աշխատավարձի պարտքը։ Այսօր նախկին նաիրիտցիները նշում էին, որ այն ժամանակ հույս ունեին, թե այդ գումարները կարող են ծառայել գործարանի վերագործարկմանը, սակայն այժմ այդ հույսն էլ կորցրել են, ուստի ցանկանում են ստանալ նաև տույժը։

«Երբ գործատուն մեր հետ պայմանագիր կնքեց, կետերից մեկում նշված էր, որ յուրաքանչյուր ամսվա աշխատավարձ մենք պետք է ստանանք հաջորդ ամսվա 15-ին, իսկ մի օր ուշացնելու դեպքում 0,15 տոկոս ավելանալու է մեր աշխատավարձին։ Այդ տոկոսներն այդպես հավաքվեցին և մեծ գումար է կազմում», ֊ ասել է բողոքի ակցիայի մասնակից Անահիտ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ վերջերս «Նաիրիտի» 470 աշխատակիցներին հեռացնելու մասին որոշումից հետո իրենք հասկացել են, որ վերագործարկման մասին խոստումներն անիմաստ են․ «Այդ հեռացումները ցույց տվեց, որ կառավարությունն իրականում ոչ մի բան էլ չի անում վերագործարկման համար, և մենք փաստաբանների միջոցով փորձելու ենք ստանալ մեզ հասանելիք տոկոսները»։

Ակցիայի մեկ այլ մասնակից՝ Տիգրան Մինասյանը նշել է, որ իրենք ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հստակ պատասխան են պահանջում՝ կապված գործարարնի ապագայի հետ։

«2010 թվականից խոստումներ ենք լսում, բայց մենք ասել ենք, որ մենակ մի մարդ կարա գործարանը աշխատացնելու հրաման տա, դա Սերժիկն ա, մեր նախագահը», – Epress.am -ի ասել է Տիգրան Մինասյանը։