Home / Տեսանյութեր / Դատախազությունը չի ուզում, որպեսզի մահացած զինվորի գործը կրկին քննվի

Դատախազությունը չի ուզում, որպեսզի մահացած զինվորի գործը կրկին քննվի

ՀՀ Դատախազությունը Վերաքննիչ դատարան է դիմել՝ միջնորդելով բեկանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի մարտի 18-ի որոշումը, որով բավարարել էր 2007 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հոր՝ Սուրեն Օհանջանյանի բողոքը։ Վերջինս պահանջել էր վերացնել քննիչի և դատավորի՝ իր որդու մահվան գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը, ինչն էլ դատարանն արել էր։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սուրեն Օհանջանյանը։

Դատախազության բողոքի համաձայն, քննիչ Մովսիսյանի և դատախազ Խաչատրյանի՝ քրեական գործը կարճելու մասին որոշումներն օրինական են։

«2010 թվականի դատաբժշկական փորձաքննությամբ միանշանակ հաստատվում է այն հանգամանքը, որ Տիգրան Օհանջանյանի մահը վրա է հասել տեխնիկական էլեկտրահարությունից․․․ նրա մահը չէր կարող վրա հասնել ինչպես մեխանիկական շնչահեղձությունից, խեղդամահ լինելուց, այնպես էլ այլ պատճառից», – նշված է Դատախազության բողոքի մեջ։

Նշենք, որ մարտի 18-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստում մահացած զինծառայողի հայրը դատարանին է ներկայացրել մի շարք փաստեր, որոնք, նրա պնդմամբ, ապացուցում են, որ Տիգրան Օհանջանյանի մահը էլեկտարահարման պատճառով չի եղել․ հայրը պնդում է՝ որդուն սպանել են։

Տիգրան Օհանջանյանի դեպքի մասին՝ այստեղ։