Home / Հայաստան / Սևազգեստ մայրերը դիմել են Վճռաբեկ․ շարունակում են բողոքել ոստիկանների դեմ

Սևազգեստ մայրերը դիմել են Վճռաբեկ․ շարունակում են բողոքել ոստիկանների դեմ

Ոստիկանության աշխատակիցների կողմից 2015 թվականի մայիսի 13-ին բռնության ենթարկված խաղաղ պայմաններում զոհված զինվորների՝ Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի մայրերը՝ Իրինա Ղազարյանը և Նանա Մուրադյանը երեկ դիմել են Վճռաբեկ դատարան։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Նանա Մուրադյանը։ Վերջինս նշել է նաև, որ մարտի 29-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր իրենց բողոքը՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի որոշումը, ըստ որի քննիչը հիմնավոր կերպով է գործը կարճել։

Սևազգեստ մայրերը պահանջում են չեղյալ համարել Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Հ. Թադևոսյանի որոշումը, որով նախագահականի մոտ մայրերի հանդեպ ուժ գործադրած ոստիկանների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է։

Ըստ մայրերի բողոքի՝ քննիչը չի գնահատել, թե որքանով են իրավաչափ եղել ոստիկանների գործողությունները։

«Զոհված զինծառայողների ծնողներին Բաղրամյան պողոտայի լայնությամբ քարշ տալով և տարբեր ֆիզիկական բռնությունների ենթարկելով հեռացնելը՝ չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում ներկայացված համաչափության պահանջներին, ճիշտ չի մեկնաբանվել և կիրառվել հատուկ քննչական ծառայության կողմից», -ասված է դատարանին ներկայացված հայցի մեջ։

Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 13-ին ոստիկանության աշխատակիցները, բռնություն կիրառելով, նախագահական նստավայրի դիմացից հեռացրել էին Ղազարյանին և Մուրադյանին։ Կանայք հաղորդում էին ներկայացրել ոստիկանների դեմ, որի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, սակայն «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ գործը կարճվել էր: