Home / Տեսանյութեր / Լրատվամիջոցներն ովքե՞ր են․ Կոտայքի մարզպետը «զբաղվում է» Գառնիի խնդրով

Լրատվամիջոցներն ովքե՞ր են․ Կոտայքի մարզպետը «զբաղվում է» Գառնիի խնդրով

Մի քանի օր առաջ Կոտայքի մարզպետի տեղակալը այցելել է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող Գառնիի բյուջետային կառույցներ (դպրոցներ, մշակույթի տուն) և աշխատակիցներին հորդորել է դրական դիրքորոշում արտահայտել Ազատի կիրճից Արարատի մարզ ջուր տեղափոխելու ծրագրին: Գառնեցիների մեծամասնությունը բողոքում է ծրագրի դեմ, ակցիաներ կազմակերպում։

Epress.am–ի հետ զրույցում Գառնիի բնակիչ, բողոքի ակցիաների մասնակից Արուսյակ Այվազյանը նշել է, որ 2 օրը առաջ, առանց նախապես հայտարարելու, գյուղացիների հետ հանդիպելու է եկել նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը. «Ես այնտեղ չեմ եղել, բայց պատմեցին, որ մարզպետն ասել է, թե գառնեցիք էս ինչ դուխ են հավաքել, որ պաշտոնյային ասել են՝ նոկաուտ կանենք (նկատի ունի Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպը-խմբ.), հետո էլ ասել է Փաշինյանը ո՞վ ա, որ եկել ա մեր մարզ, կամ լրատվամիջոցներն ովքե՞ր են, որ գան, մենք մեր հարցերը կլուծենք։ Էդ մակարդակի խոսակցություն ա եղել»:

Այվազյանի խոսքով՝ մարզպետը ցանկացել է նաև իրեն տեսնել։

«Ինձ գյուղապետարանից զանգեցին ու ասեցին, որ մեծն ա ուզում քո հետ խոսա՝ նկատի ունենալով մարզպետին։ Ես էլ ասեցի, որ իր հետ խոսելու ոչինչ չունեմ, քանի որ նա չի գիտակցում այս հարցի լրջությունը: Իսկ երեկ էլ մարզպետը գնացել էր մեր վերևի թաղամասերը ու խոստացել բնակիչներին, որ պետք է լուծի ոռոգման ու խմելու ջրի խնդիրները», ֊ ասել է Գառնիի բնակիչը:

Նշենք, որ ըստ «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի ներկայացրած ծրագրի՝ Ազատ գետի երկայնքով պետք է կառուցվի 820 սմ տրամագծով խողովակ, որով պետք է ամառվա երկու ամիսներին ջուր տեղափոխվի Արարատի մարզի մի քանի գյուղեր։ Գառնեցիները պնդում են, որ գետի հոսքը վարար է միայն գարնանը և աշնանը, եթե ծրագրով ջուրը տարվի, գետն ամբողջությամբ կցամաքի, ինչը կբերի նաև գետի շուրջ գտնվող ծառերի չորացմանը, ինչպես նաև վտանգի տակ կդրվի գետում առկա ձկների գոյությունը։

Ապրիլի 13-ին գառնեցիները բողոքի ակցիայի էին կազմակերպել և մոտ 8 ժամ շարունակ փակել էին Գեղարդ տանող ճանապարհը: Նրանք պահանջում էին դադարեցնել Ազատ գետի մոտ կատարվող շինանարարությունը և չեղյալ հայտարարել գետից ջուրը խողովակներով Արարատի մարզ տեղափոխելու ծրագիրը: Նրանք նշում են, որ գետի ջուրը տանում են՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողերը ոռոգելու համար: Բնակիչների պահանջով շինտեխնիկան դուրս էր բերվել կիրճից, իսկ ծրագրի շուրջ պատրաստվում են քննարկումներ կազմակերպել: Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, իսկ Ծառուկյանը՝ Հովիկ Աբրահամյանի խնամին։