Home / Տեսանյութեր / Ծանր հիվանդ կալանավորը հացադուլ է հայտարարել

Ծանր հիվանդ կալանավորը հացադուլ է հայտարարել

«Նուբարաշեն» բանտի կալանավոր, ծանր հիվանդ Հրաչյա Գևորգյանը հացադուլ է հայտարարել, քանի որ ադմինիստրացիան զրկում է կալանավորին պատշաճ բուժօգնությունից։

Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։

Հացադուլի մասին Գևորգյանի մայրը ապրիլի 26-ին տեղեկացրել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպաններին, ովքեր նույն օրը ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ։ Սակայն մինչև հիմա կալանավորին չեն այցելել և բուժօգնություն չեն տրամադրել։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների
կանխարգելման վարչության պետ Ասյա Սարկիզովան հայտնել է Գևորգյանի գործին հետևող Հելսինկյան ասոցիացիային, որ իրենք ծանոթ են գործին, բազմիցս այցելել կալանավորին, ծանոթացել են նաև բուժմասի փաստաթղթերին, ըստ որոնց կալանավորը ստանում է բավարար բուժում և անհրաժեշտ դեղամիջոցներ, պարզապես անհայտ պատճառներով անընդհատ բողոքում է։

Գևորգյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է վերջին 2 տարիների ընթացքում, նա շարունակաբար պահանջել է իրեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, ի նշան բողոքի մի քանի անգամ մեխ և ասեղ է կուլ տվել, որից հետո իր պահանջը կատարվել է։ Գևորգյանի գործով վճիռը կարդալու օրը մեղադրյալը դատարան էր եկել բենզինի տարայով,  ինքնահրզիկման փորձ էր արել, բայց իրավապահները տարան նրա ձեռքից վերցրել էին։ Դատավոր Մարինե Մելքոնյանը Գևորգյանին մեղավոր է ճանաչել գործով որպես տուժող անցնող Նաիրա Հարությունյանին պատանդ վերցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և շորթում կատարելու հոդվածներով և 8 տարվա ազատազրկման է դատապարտել։ Միևնույն ժամանակ, դատարանը Գևորգյանին անմեղ է ճանաչել Հարությունյանի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով։

Նա մեղադրանքներից և ոչ մեկը չի ընդունում։ Գևորգյանը պնդում է, որ գործն իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանի սարքած դավադրությունն է։ Դատավարությունը 4 տարի է տևել, և այդ ընթացքում Գևորգյանը կալանքի տակ է եղել։ Գործը ձգձգվում էր դատախազի և դատավորի փոփոխության պատճառով։ Դատավարության ընթացքում Գևորգյանը պահանջել էր Մաշտոցի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի դեմ քրգործ հարուցել՝ պնդելով, որ վերջինս սպառնացել է իրեն, սակայն Հատուկ քննչական ծառայությունում գործի հարուցում մերժվել է։

Լուսանկարում՝ Հրաչյա Գևորգյանը դատավճռի օրը