Home / Տեսանյութեր / Ինչու է պաշտոնանկ արվել Սերժ Սարգսյանի մտերիմ փոխնախարարը․ «Ժողովուրդ»

Ինչու է պաշտոնանկ արվել Սերժ Սարգսյանի մտերիմ փոխնախարարը․ «Ժողովուրդ»

Երեկ 3 գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն են ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթը նշում է, որ պաշտոնանկ արվածներից մեկը՝ Պաշտպանության նախարարի տեղակալ֊նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, կոռուպցիոն սխեմա է կիրառել, որով իր ընտանիքի անդամի կողմից հիմնադրած ընկերությունից նախարարության համար գնումներ է կատարել։

«Ստուգումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կապված ևս լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, ուստի չի բացառվում, որ նա ևս առաջիկայում պաշտոնանկ կարվի», ֊ գրում է թերթը:

«Ժողովուրդն» ընդգծում է, որ 2016 թվականի փետրվարի 22-ին, ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ՀՀ քննչական կոմիտեում սկսել էին նյութեր նախապատրաստել ՊՆ-ում հնարավոր չարաշահումները քննելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց քրեական գործի հարուցումը մերժվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Թերթի փոխանցմամբ, սակայն, ապրիլի 2-ից հետո իրավիճակը փոխվեց։

«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի լայնածավալ գործողությունները մի շարք քննարկումների տեղիք տվեցին: Բանն այն է, որ ինչպես զինվորները, այնպես էլ նրանց հարազատները հրապարակավ հայտնեցին, որ քառօրյա պատերազմի ընթացքում մենք չէինք ունենա այդքան զոհ, եթե մեր զինվորները զինված լինեին համապատասխան սպառազինությամբ:

Քննարկվեց նաև, թե ինչպես են ՊՆ-ն համապատասխան պաշտոնյաները տարիների ընթացքում ահռելի կալվածքների տեր դարձել և ինչ ճանապարհով են նրանք հարստացել, եթե բանակը զենքի խնդիր ունի:

Ու մինչ ՊՆ-ն փորձում էր վստահեցնել, որ քառօրյա պատերազմում հետախուզությունը նախօրոք ամեն ինչ իմացել է և լավ է գործել, դիրքերում զինվորները ոչ մի բանի կարիք չեն ունեցել և չունեն, բանակը ապահովված է զենքով, զինամթերքով և կապի արդիական միջոցներով, շաբաթը ուրբաթից շուտ եկավ:

Հասարակության մտահոգությունները առավել հիմնավոր դարձան, երբ Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատեց ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ ալիկ Միրզաբեկյանին: Իսկ ո՞վ է Ալիկ Միրզաբեկյանը:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերջինս Սերժ Սարգսյանի հետ բավականին մտերիմ է եղել և այն պաշտոնյան էր, որը պետք է զինվորներին ապահովեր համապատասխան տեխնիկայով։ Ամենայն հավանականությամբ, վերջինս Սերժ Սարգսյանին վստահեցրել է, թե բանակը լավ վիճակում է, սակայն քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանին խաբել են։

«Ժողովուրդ»֊ի տեղեկություններով՝ Ալիկ Միրզաբեկյանը բավականին ակտիվ բիզնես գործարքներ է կատարել իր կնոջ՝ Իվետա Իսրայելյանի հետ, որը բացահայտվել է տարբեր օղակների կողմից իրականացված քննության ընթացքում: Ասել է թե ամուսիններով միմյանց սեփական բիզնեսները «պաս» են տվել: Ի դեպ, պարզեցինք, որ Իվետա Իսրայելյանն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում որպես պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի պետ», ֊ գրում է «Ժողովուրդը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում