Home / Տեսանյութեր / «Ոստիկանության խտրական գործելաոճը կանանց նկատմամբ չի փոխվել»

«Ոստիկանության խտրական գործելաոճը կանանց նկատմամբ չի փոխվել»

Ոստիկանապետի վարքը սեքսիզմի, կանանց հանդեպ խտրական վերաբերմունքի և հոգեբանական բռնության դրսևորում է: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը ներառում է կանանց իրավունքներով զբաղվող 7 հասարակական կազմակերպություններ, այսօր տարածած հայտարարության մեջ դատապարտել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սեքսիստական վարքը՝ նրանից պահանջելով հանրային ներողություն խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից:

Ներողություն չխնդրելու դեպքում՝ Կոալիցիան պահանջելու է պաշտոնյայի հրաժարականը: Նշված հայտարարությանը միացել են նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «50/50» քաղաքացիական նախաձեռնությունը:

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների գործելաոճին, որոնք, ըստ հեղինակների, տարբեր ժամանակներում կանանց թիրախավորել և նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ են արել:

«Մասնավորապես, 2013 թվականի օգոստոսին՝ Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ տեղի ունեցած ակցիայի ընթացքում, Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը ակտիվիստ Շողեր Մելքումյանի ականջին սեռական բնույթի հայհոյանքներ էր շշնջացել, իսկ մեկ այլ ոստիկան համբուրել նրա պարանոցը:

2015 թվականի ամռանը՝ Բաղրամյան պողոտայում «էլեկտրիկ Երևան» հանրային ընդվզման ակցիաների ժամանակ, ցուցարար Ելենա Օվսյաննիկովային ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը անվանել էր սադրիչ և հայտարարել, որ նա ոստիկանների առաջին շարքի ծառայողներին սեքս է առաջարկել…

Սեռականության ակնարկները կին ակտիվիստների ու լրագրողների հանդեպ հոգեբանական զենք են և օգտագործվում են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից որպես ճնշման միջոց», – նշված է հայտարարության մեջ։

Կոալիցիան ընդգծել է, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարությունները, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներով»:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ լրագրողները, անդրադառնալով ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայից 42 մարդու բերման է ենթարկվելու  փաստին, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ասել են, որ ոստիկանության ձեռագիրը չի փոխում։ Գասպարյանը հակադարձել է՝ հայտարարելով, որ ովքեր չեն նկատում ոստիկանության բարեփոխումները տեսողության ու լսողության խնդիրներ ունեն։ Իսկ երբ Lragir.am և 1in. am կայքերի լրագող Սիրանույշ Պապյանը պնդել է, որ չեն տեսնում բարեփոխումները, Գասպարյանն ասել է․ «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։