Home / Հայաստան / Վարչականը հաստատեց. գաղտնի կմնա՝ ում է ՀՀ նախագահը զենքով պարգևատրել

Վարչականը հաստատեց. գաղտնի կմնա՝ ում է ՀՀ նախագահը զենքով պարգևատրել

Վարչական դատարանը երեկ՝ ապրիլի 20-ին, մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ ՀՀ նախագահի աշխատակազմի։ Epress.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը հայտնել է, որ սույն գործով իրենք պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան։

2015 թվականի հունիսի 6-ին իրավապաշտպան կազմակերպությունն հարցում էր կատարել ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 1992-2015 թվականների ընթացքում ՀՀ նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց և տրամադրված զենքերի նշանակության վերաբերյալ։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ցանկացել է տեղեկությունները ստանալ ըստ առանձին տարիների և անձանց: Որպես դիմումի հիմք իրավապաշտպան կազմակերպությունը նշել էր ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը՝ «յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից») և «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը /կամ/ դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկատվությունը»։

2015 թվականի հուլիսի 6-ին ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկատվությունը տրամադրել է մասնակիորեն (տրամադրվել է տեղեկատվություն միայն 1998-2015 թթ. զենքով պարգևատրված անձանց թվի վերաբերյալ)՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը պարունակում է անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ, որոնք, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն, չի կարելի օգտագործել կամ տարածել առանց տվյալ անձանց համաձայնության:

Ըստ կազմակերպության՝ պատասխանողը դրանով հրաժարվել էր տրամադրել ըստ առանձին տարիների զենքով պարգևատրված անձանց տվյալները, ինչպես նաև մինչև 1998 թվականը ՀՀ նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց թվական տվյալները:

Epress.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանը անտրամաբանական է համարել նման տեղեկությունը գաղտնի պահելու որոշումը:

«Անհասկանալի է մի բան, որ մամուլում հրապարակվել են վարչապետի անունից պարգևատրված անձնաց անունները, իսկ հիմա որոշում են, որ դա գաղտնի է: Այստեղ ևս մեկ էական խնդիր կա: Կա վարչական հիմունքների վարույթի մասին օրենք, որտեղ հստակ ասվում է, որ եթե վարչական մարմինը նույնական փաստական հանգամանքների վերաբերյալ դրսևորել է մեկ գիծ՝ հակառակը դրսևորել չի կարող: Հիմա ստացվում է՝ Աղվան Հովսեփյանի (ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար֊խմբ․) կամ մեկ այլ անձի պարգևատրումը հրապարակային է, իսկ մնացած՝ 40 կամ 50 անձնաց պարգևատրում ինչո՞ւ պետք է ոչ հրապարակային լինի», -ասել է իրավաբանը:

Վերջինս նշել է, որ նման տեղեկատվության գաղտնիությունը պատճառաբանում են նրանով, որ «իբր գաղտնի գործողություններ կատարելիս ցուցաբերած ինչ-որ բանի շնորհիվ են մարդիկ պարգևատրվել»:

«Եթե անգամ դա այդպես է, ու կա գաղտնիության ինչ-որ բան, ասենք՝ նրանք գաղտնի գործակալներ են, թող առանձացվեն մի քանի հոգի, թող ասվի, որ նման բան կա: Երևի թե դա վերևներից եկած ինչ-որ ներքին հրաման է», -ասել է Զալյանը: