Home / Հայաստան / Գաղտնազերծված փաստաթղթերում հիշատակցված ԴԱՀԿ պետը հրաժարական է ներկայացրել

Գաղտնազերծված փաստաթղթերում հիշատակցված ԴԱՀԿ պետը հրաժարական է ներկայացրել

Ապրիլի 18-ին հրաժարական է ներկայացրել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը։

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու», ֊ ԴԱՀԿ֊ի կայքում գրել է Պողոսյանը։

Նշենք, որ Պողոսյանի անունը հիշատակվում է Mossack Fonseca ընկերության գաղտնազերծված փաստաթղթերում որպես օֆշորային գոտում գրանցված ընկերությունների բաժնետեր։ Հայաստանյան մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել Միհրան Պողոսյանի բիզնեսների մասին։ Ըստ դրանց, նա, մասնավորապես, Հայաստան բանան ներկրելու մենաշնորհ ունի։