Home / Տեսանյութեր / Դատավորը Վարդգես Գասպարիին զրկեց վերջին խոսքի իրավունքից

Դատավորը Վարդգես Գասպարիին զրկեց վերջին խոսքի իրավունքից

Դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր թույլ չի տվել ինժեներ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին օգտվել վերջին խոսքի իրավունքից։

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վարդգես Գասպարիի գործով հերթական դատական նիստի ժամանակ մեղադրյալի պաշտպանները պետք է հանդես գային պաշտպանական ճառով։

Մինչ ճառին անցնելը, Գասպարիի պաշտպաններից Տիգրան Եգորյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին, որպեսզի իրենց ավելի երկար ժամանակ տրամադրվի պաշտպանական ճառը պատրաստելու համար, որովհետև նախորդ նիստը կայացել էր մարտի 23-ին և մեկ օրն իրենց համար բավարար չէր։ Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը։

Դրանից հետո Եգորյանը մեկ այլ միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով դատական գործը կասեցնել։ Նա պատճառաբանել է, որ իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան Գասպարիին առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցի վիճարկման համար։ Այդ միջնորդությունը ևս մերժվել է, իսկ պաշտպաններին 10 օր ժամանակ է տրվել մերժումը բողոքարկելու համար։

Եգորյանը պաշտպանական ճառի սկզբում մեջբերել է այն արտահայտությունները, որոնք ոստիկանության երկու աշխատակիցները վիրավորական են համարել և հայց են ներկայացրել Գասպարիի դեմ, ապա նշել, որ նման և անգամ ավելի վատ արտահայտություններ հնչել են Շենգավիթի դատարանի դահլիճում և վերաբերվել են նաև Նելլի Բաղդասարյանին։ Դատավորն այդ պահին ընդհատել է փաստաբանին՝ պատճառաբանելով, որ վերջինս չի խոսում ըստ էության ու թույլ չի տվել շարունակել ճառը։

Այնուհետև դատավորը Գասպարիին վերջին խոսքով հանդես գալու իրավունք է տվել, սակայն ինժեներն ասել է, որ իր խոսքի իրավունքից կօգտվի այն ժամանակ, երբ պաշտպանն ավարտի ճառը։ Այդքանից դատավորը եզրակացրել է, թե Գասպարին չի ցանկանում հանդես գալ վերջին խոսքով, ու, չնայած փաստաբաններին պնդմանը, թե իրենց պաշտպանյալը ցանկանում է օգտվել վերջին խոսքի իրավունքից, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու: Նա նշել է, որ վճիռը հրապարակվելու է մարտի 29-ին։

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Եգորյանն ասել է, որ իր պաշտպանական ճառում ցանկանում էր ընդգծել, որ այն արտահայտությունները, որոնք դրված են քրեական մեղադրանքի հիմքում, բազմաթիվ այլ դատական նիստերում, ինչպես նաև ընթացող դատավարության ժամանակ հնչել են նույնիսկ ավելի սուր ձևով, սակայն դատարանը նման արտահայտությունների համար առավելագույնս կիրառել է դատական սանկցիա՝ մեղադրյալին հեռացնելով նիստերի դահլիճից․ «Ես ուզում էի ասել, որ այսօր այն դատարանը, որ դրանք չի համարում վիրավորական արտահայտություններ, պատրաստվում է դատական ակտ կայացնել։ Այսինքն, եթե դատարանը այդ խոսքերը վիրավորական չի համարում, չի կարող Գասպարիի նկատմամբ մեղադրական ակտ կայացնել։ Դատարանը սահմանափակեց նաև մեր ճառի իրավունքը, ինչպես նաև զրկեց Գասպարիին վերջին խոսքի իրավունքից։ Այս ամենն այնպիսի դատական սխալներ են, որոնոց համար, անկախ վճռից, բեկանելի են դարձնում այն»։

Վարդգես Գասպարին, իր հերթին, նշել է, որ վերջին խոսքի իրավունքից օգտվելու դեպքում պետք է կրկներ այն նույն վիրավորական արտահայտությունները, որոնց համար նրա դեմ մեղադրանք է առաջադրվել․ «Դատարանը նույն դատարանն է և դատավորն էլ նույն որակի դատավոր է, ես այսօր էլ դատավորին ու դատախազին որակում եմ ստորագույն սրիկաներ ու հանցագործներ, որովհետև Մարտի 1-ից հետո մինչև այսօր թաքցնում են մարդասպաններին։ Այսինքն՝ մարդասպանները ազատության մեջ են, իսկ մարդասպաններին հովանավորողներին մարդասպան ասողը դատվում է։ Հիմա չեմ հասկանում մարդասպան արտահայտությո՞ւնն է վիրավորական նրանց համար, թե՞ «ստոր սրիկան», երևի պետք է ասվի չքնաղ, քնքուշ մարդասպան, որ չվիրավորվեն»։

Նշենք, որ Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: